Նախարարը հանձնարարել է զբաղվել տատիկի խնդիրներով

Քիչ առաջ 168.am-ին զանգահարեցին ՀՀ առողջապահության նախարարությունից և խնդրեցին տրամադրել «168 Ժամ» թերթում, ինչպես նաև՝ 168.am-ում հրապարակված միայնակ թոշակառու Ռիմա Հովհաննիսյանի տվյալները: Հիշեցնենք, որ Ռ. Հովհաննիսյանը երկրորդ կարգի հաշմանդամություն ունի և պատշաճ բուժօգնություն չստանալու հետևանքով՝ հունվար ամսից գամվել է անկողնուն: Դիմելով մեզ՝ նա ահազանգում էր այն խնդրի մասին, որ պետպատվերով  ուղեգրված հիվանդներին բուժհաստատություններում «գլխառադ են» անում: Առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ նախարար Դերենիկ Դումանյանը մեր թերթում կարդալով Ռ. Հովհաննիսյանի մասին հրապարակումը՝ անմիջապես հանձնարարել է այցելել տատիկին և լուծել նրա առողջական բոլոր խնդիրները: ԱՆ Առողջապահական ծրագրերի և որակի կառավարման վարչության պետ Կարեն Կոստանյանը գրանցելով Ռ. Հովհաննիսյանի տվյալները՝ մեզ տեղեկացրեց. «Քանի որ նախարարը հանձնարարել է անմիջապես տատիկի հարցերով զբաղվել, ես հենց հիմա ինքս գնում եմ նրա տուն: Կուսումնասիրեմ նրա տվյալները, դեղերի այն ցանկը, որն իրեն նշանակել են. եթե անհրաժեշտություն կա հոսպիտալացնել` անմիջապես կտեղափոխենք հիվանդանոց, իսկ եթե ոչ` կլուծենք դեղորայքի հետ կապված բոլոր խնդիրները: Մի խոսքով` նախարարը հանձնարարել է տատիկի բոլոր խնդիրներով զբաղվել»: Նա խոստացավ այցելությունից հետո տեղեկացնել, թե ինչ քայլեր են անելու Ռիմա տատիկի խնդիրները լուծելու համար:

 

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս