Սոցապ նախարարն արձագանքել է

168.am-ն անդրադարձել էր Մասիսի Արբատ գյուղի բնակչուհի Թերեզա Առաքելյանի ընտանիքի հետ կատարված դժբախտ պատահարին, որի հետևանքով բազմանդամ ընտանիքն այսօր գտնվում է ծանր վիճակում: Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Թ. Առաքելյանի տնակում գազի անսարքության պատճառով հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով այրվել էր ընտանիքի ողջ ունեցվածքը, իսկ Առաքելյանների երկու տարեկան փոքրիկի կյանքը հրաշքով էին փրկել: Թ. Առաքելյանը դիմել էր 168.am-ին` խնդրելով համապատասխան կառույցներին տեղեկացնել բազմանդամ ընտանիքի հետ կատարվածի մասին և աջակցել կացարանի հարցում: Նա անելանելի վիճակում էր, քանի որ հինգ անչափահաս երեխաների հետ հայտնվել էր բաց երկնքի տակ: Քիչ առաջ 168.am-ի խմբագրություն զանգահարեց Թ. Առաքելյանը և տեղեկացրեց, որ, մասնավորապես, «168 Ժամ» թերթի մեր հրապարակմանն անմիջապես արձագանքել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Բազմազավակ մայրը փոխանցեց, որ քիչ առաջ է դուրս եկել նախարարությունից, և խորին շնորհակալություն հայտնեց նախարար Ա. Ասատրյանին: «Նախարարը հանձնարարել էր, որ մեզ նախ՝ առաջին օգնություն ցուցաբերեն, այնուհետև՝ զբաղվեն մեր կացարանի հարցերով: Ճիշտն ասած` մի քիչ հուզված եմ, որովհետև մեզ հետ կատարվածից գրեթե 10 օր հետո վերջապես մեզնով հետաքրքրվեցին: Սոցապ նախարարությունում մեզ բավականին մեծ օգնություն ցուցաբերեցին, սկսած` հաստ ծածկոցներից, հագուստից, կոշիկներից, վերջացրած՝ դպրոցական երեխաներիս համար գրենական պիտույքներով: Ճիշտն ասած` հրդեհից հետո էնքան բան էր այրվել, որ մեզ համար այդ ամենը շատ անհրաժեշտ իրեր էին: Շատ շնորհակալ եմ նախարարից, մանավանդ՝ նախարարության աշխատակիցների լավ և հոգատար վերաբերմունքի համար»,- ասաց Թ. Առաքելյանը` հավելելով, որ նախարարության աշխատակիցները նաև ճշտել են դժբախտ պատահարի բոլոր մանրամասները և փորձել են կացարանի հարցում օգտակար լինել: Այնուամենայնիվ, հինգ երեխաների մայրն իր խոսքում նշում է, որ գոնե ցուրտ եղանակից պաշտպանվելու համար անհրաժեշտ պարագաներով ահահովված են, իսկ կացարանի հետ կապված՝ հույս ունի, որ, այնուամենայնիվ, խնդիրը լուծում կստանա, մանավանդ, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տարբերակներ քննարկել են:

 

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս