Չկա դիմում՝ չկա ընտրախախտում
«Այն ավանդույթը, որը ձևավորվեց Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, այսինքն` քաղաքակիրթ ընտրություններ, որոնք որակապես բարձր են նախորդ բոլոր ընտրություններից, այդ ավանդույթը շարունակվում է նաև ՏԻՄ ընտրություններում, և առաջին, այսպես ասած, ծիծեռնակը Թալինում անցկացված ընտրություններն էին, որոնք ընդհանուր առմամբ անցան շատ քաղաքակիրթ և նորմալ պայմաններում: Հուսով եմ, որ սեպտեմբերի 9-ին և 23-ին կայանալիք ընտրություններում նույնպես այդ ավանդույթը կշարունակվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:
Իսկ 168.am-ի հարցին, թե որակական առաջընթաց և քաղաքակիրթ ընտրություններ ասելով` կոնկրետ ի՞նչ նկատի ունի, այն դեպքում, երբ քաղաքական մի շարք ուժերի ներկայացուցիչներ վկայում են Թալինի քաղաքապետի ընտրությունների ժամանակ տեղի ունեցած լուրջ ընտրախախտումների մասին, Հայկ Բաբուխանյանը պատասխանեց. «Սկսենք նրանից, որ որևէ լուրջ ընտրախախտման վերաբերյալ ո՛չ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ո՛չ էլ դատարաններն ահազանգ, այսինքն` հայցադիմումներ չեն ստացել, և բոլոր կողմերն ըստ էության ընդունեցին Թալինի ընտրությունների արդյունքները: Գոնե ինձ հայտնի չի որևէ հայցադիմում այդ կապակցությամբ»: Մենք տեղեկացրեցինք հանրապետական պատգամավորին, որ, օրինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, ով որպես դիտորդ է մասնակցել այդ ընտրություններին, մեզ հետ հարցազրույցում անձամբ վկայել է ընտրախախտման մասին` մասնավորապես թանաքի ցնդման կապակցությամբ: Մեր այս դիտարկմանը Հայկ Բաբուխանյանը պատասխանեց հետևյալ կերպ. «Ես հավատում եմ Ձեզ, որ մասնավոր զրույցներում ինչ-որ դժգոհություններ ներկայացվել են, բայց ես խոսում եմ պաշտոնական իրավիճակի մասին. պաշտոնական առումով հայցադիմումների վերաբերյալ ինձ հայտնի չէ»:
Հիշեցնենք, որ Թալինում օգոստոսի 5-ին կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀՀԿ անդամ Սարգիս Արամյանը: Իսկ Թալինում ընտրակաշառքի բաժանման մասին 168.am-ին տված հարցազրույցում խոսել է նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Այդ ընտրությունների ժամանակ, ականատեսների վկայությամբ, ընտրակաշառքի չափը հասել է 25, 30, 35 հազարի, Անապատում չենք ապրում. մարդիկ տեսել ու ասում են: Թալինում խախտումների մասին խոսում էին ոչ միայն ընդդիմադիրները: Նույն Հանրապետական կուսակցության մեջ բազմաթիվ մարդիկ կան, որ ասում են. «Թալին քաղաքն ամենաանբարեկարգ և ծանր վիճակում է, լավ, ասենք` այս անգամ էլ ինչ-որ մեկին դարձրեցինք համայնքապետ, սրանից ի՞նչ կփոխվի»,- ասել էր դաշնակցական պատգամավորը: