Ավետիք Դալլաքյանի որդու միջադեպը քաղաքականության հետ կապ չունի. ՀՀԿ թեկնածու
Մասիսում ՏԻՄ ընտրություններում առաջադրված միակ ՀՀԿ ներկայացուցիչ Սաշա Հակոբյանի հետ զրուցելու համար 168.am-ի թղթակիցն այցելեց Մասիս՝ զրուցելու ընտրատարածքում օգոստոսի 22-ից մեկնարկած քարոզարշավի, ու վերջերս մեծ աղմուկ բարձրացրած ԲՀԿ-ական թեկնածու Ավետիք Դալլաքյանի որդու հետ կատարված միջադեպի մասին:
– Լուրեր շրջանառվեցին, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն համաձայնության են եկել՝ Մասիսը ԲՀԿ-ից ՀՀԿ-ին փոխանցելու համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս լուրերը:
– Ես նման մեկնաբանությունը չեմ ընդունում, նման լուրեր չեմ ընդունում: Մասիսի քաղաքապետը կլինի ԲՀԿ-ական թե ՀՀԿ-ական, ցույց կտան ընտրությունները: Եվ, առհասարակ, միայն ժողովուրդը կորոշի՝ քաղաքապետարանում կաշխատի ԲՀԿ, թե՞ ՀՀԿ կուսակցության անդամ:
– Պարոն Հակոբյան, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կընթանա Ձեր պայքարը ԲՀԿ-ական միանգամից երեք թեկնածուների հետ: Չկա մտահոգություն, որ ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, առաջատար կլինի:
– Ես չեմ ասի, որ մենք պայքարում ենք: Սա ավելի շուտ մրցակցություն է: Պարզ է, որ մարդիկ թեկնածուների կատարած ու չկատարած աշխատանքները գնահատելով՝ իրենց քվեն, ձայնը կտան այն թեկնածուին, ով ունի արժանիքներ:
– ԲՀԿ երեք թեկնածուներից ո՞ւմ եք Ձեզ մրցակից համարում: Ծանո՞թ եք մրցակիցների նախընտրական ծրագրերին:
– Բոլորին: Բոլորին հավասար ինձ մրցակից եմ համարում ու երբեք թույլ չեմ տա թերագնահատել որևէ թեկնածուի: Ոչ, ծրագրերին ծանոթ չեմ, բայց դեռ կհասցնեմ ծանոթանալ:
– Ծրագրային ի՞նչ դրույթներով եք ներկայանում ընտրություններին: Լինելով Մասիսի նախկին քաղաքապետը՝ լավատեղյակ եք, թե ինչ խնդիրներ ունի Մասիսը: Վերընտրվելուց հետո ո՞ր խնդրի լուծմանն եք ձեռնամուխ լինելու:
– Առանց քաշվելու, առանց ամաչելու՝ ես կասեմ, որ Մասիսում խնդիրներ կան: Բայց չի կարելի դրանք «մատի փաթաթան» դարձնել ու դրանցով առաջ շարժվել: Բոլորս տեսնում ենք, որ երկրում կա առաջընթաց, ու պետք է հույսով լցվենք դեպի լավ ապագան: Ինչ վերաբերում է խնդիրներին, նշեմ, որ առաջնահերթն աշխատանքի հարցն է: Մարդիկ նեղվում են, որ, դռները թակելով, փորձում են աշխատանք գտնել, բայց դժվարության առաջ են կանգնում: Չնայած նրան, որ մեծ ցանկություն ունենալու դեպքում մարդիկ աշխատանք կգտնեն:
– Ի՞նչ ռեսուրսներ եք կիրառելու աշխատատեղերի խնդիրը լուծելու համար:
– Դա համայնքային հարց չէ: Պետական հարց է: Չեմ կարող խոստանալ, որ կլուծեմ այդ հարցը:
– Ձեր նախընտրական ծրագիրը քննարկվե՞լ է Հանրապետական կուսակցությունում: Տարաձայնություններ կամ առաջարկություններ հնչե՞լ են կուսակցության կողմից:
– Իհա՛րկե քննարկվել է: Տարաձայնություններ չեն եղել, քանի որ Մասիսի շրջանի ՀՀԿ կուսակցության նախագահն եմ, ու վերադասը երբեք ինձ չի խոչընդոտել: Առաջարկներ նույնպես եղել են, որ պետք է աշխատեմ հանուն ժողովրդի: Ես խոստացել եմ, որ ամեն ինչ կանեմ համայնքի զարգացման համար:
– Ի՞նչ ակնկալիքներ ունեք: Ի՞նչ եք կարծում, քանի՞ տոկոս ձայն կհավաքեք:
– Չեմ կարող ասել: Եկեք առաջ չընկնենք: Ես գիտեմ, որ համակիրներ ունեմ, բայց քանի տոկոս ձայն կհավաքեմ՝ չգիտեմ:
– Մի քանի օր առաջ, երբ այցելեցի Մասիս, բնակիչների հետ զրուցելիս՝ անտարբերություն նկատեցի դեպի ՏԻՄ ընտրությունները: Ո՞րն է պատճառը: Գուցե մարդիկ չե՞ն հավատում, որ ընտրությունները որևէ բան կփոխեն:
– Գուցե դա էլ կա: Բայց ես կասեմ, որ մարդիկ Մասիսում քաղաքականացված են՝ կապված նրա հետ, որ Երևանին շատ մոտ ենք ապրում: Մարդիկ փորձում են հարցերին չպատասխանել՝ ոչ թե այն պատճառով, որ վախ կա, այլ այն պատճառով, որ դա իրենց իրավունքն է:
– ԲՀԿ-ական թեկնածու Ավետիք Դալլաքյանի որդու՝ Վոլոդյա Դալլաքյանի հետ կատարված միջադեպը որևէ ազդեցություն կունենա՞ ընտրական գործընթացի վրա: Մանավանդ, երբ Դալլաքյանը որդու կալանավորումից հետո հայտարարեց, որ միջադեպն ու որդու քրեական հետապնդումը կարող էր քաղաքական դրդապատճառներ և ընտրություններից առաջ մրցակցի՝ Հանրապետականի կողմից իրեն վարկաբեկելու միտում ունենալ:
– Ասեմ, որ դա ուղղակի փողոցային վեճ է եղել: Ես կարդացել եմ, որ Ավետիք Դալլաքյանը նման մեղադրանքներ է հասցեագրել, բայց համոզված եմ, որ եթե հիմա Դալլաքյանին էլ հարցնեք, նա էլ կասի, որ տվյալ պահին վրդովված է եղել ու պահի տակ այդպես է արձագանքել: Քաղաքականության հետ այդ վեճը կապ չունի:
Նշենք, որ այս պահին Մասիսում առաջադրված ԲՀԿ-ական երեք թեկնածուների՝ գործող քաղաքապետ Դմիտրի Նազարյանի, Ավետիք Դալլաքյանի ու Կարապետ Օհանյանի միջև կուսակցությունը, ինչպես հայտնի է, պաշտոնական որոշում չի կայացրել, թե ում է առաջադրելու ՏԻՄ ընտրություններում: Ընտրությունները կընթանան սեպտեմբերի 9-ին: