Դեղերի մասին նոր օրենք է մշակվում

ՀՀ առողջապահության նախարարությունը մշակում է Դեղերի մասին նոր օրենք: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով և տեխնոլոգաներով ապահովման բաժնի պետ Մարինե Հարությունյանը: Օրենքում, ըստ նրա,  սահմանվում են դեղորայքային շրջանառության բոլոր դրույթները:

Խոսելով ՀՀ-ում դեղերի գների մասին` Մ. Հարությունյանն ասաց, որ  այն առողջապահության նախարարությանը հուզող ամենացավոտ խնդիրներից մեկն է. «Ներկայումս ամբողջ առողջապահության նախարարությունը աշխատում է բոլոր այն մեխանիզմների վրա, որոնք կբերի դեղերի գների իջեցմանը հանրապետությունում այնպես, որ դրանից չտուժի դեղերի որակը»:

Քիմիական միևնույն բաղադրիչներից պատրաստված, բայց տարբեր անուններ ու գներ ունեցող դեղերի մասին խոսելիս Մարինե Հարությունյանը պնդում է, որ այդ բոլոր դեղամիջոցները մինչ վաճառքի հանվելը անցնում են որոշակի ստուգումներ. «Արդեն վաճառքի հանված բոլոր դեղամիջոցները համապատասխանում են որոշակի չափանիշների, հետևաբար մարդիկ կարող են ընտրել այն դեղը, որի գինը համաապատասխանում է իրենց գրպանի պարունակությանը»: Իսկ գնային տարբերություններ, ըստ նրա, առաջանում են այն պատճառով, որ օրինակ՝ Եվրոպայում աշխատուժը շատ ավելի թանկ է, քան Հնդկաստանում:

Մարինե Հարությունյանը հավելեց, որ 2013-ից ՀՀ-ում գործելու են պատշաճ արտադրական գործունեության կանոնները, որոնք մշակվել են Եվրամիության կողմից:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս