Անկախության հռչակագիրը մտավոր թռիչքի դրսևորում էր, որին պատրաստ չէր իշխանությունը. Հայրիկյան

Անկախության հռչակագրի ընդունումով ԽՍՀՄ ընտրական մարմնի ներկայացուցիչները իրենց մակարդակի համեմատ ռիսկային քայլ էին կատարում: Այդ թռիչքը մեզ հասցրեց նրան, որ Հայաստանը հռչակագրի ընդունումից հետո դանդաղ կրիայի քայլերով, բայց, այնուամենայնիվ, իրականացրեց իր առջև դրված նպատակները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Վերջապես, տասնամյակների ընդմիջումից հետո անկախության կոչերը վերածվեցին իրավաբանական փաստաթղթի: Հռչակագրի առաջին պարբերության մեջ խոսք է գնում պատմական արդարության վերականգնման մասին: Բայց այս ուղղությամբ ոչ մի քայլ չարվեց. հռչակագրի կարևոր նպատակներից մեկը իրականություն չդարձավ՝ բավական ծանր հետևանք հասցնելով մեզ»,- նշեց Պարույր Հայրիկյանը:

Վերջինիս խոսքով, հռչակագիրը, ի վերջո, վերացրեց հիվանդագին ու առողջ մտածող մարդկանց միջև դրված անջրպետը՝ հասկացնել տալով, որ ազատ ապրելը ազգի  բնականոն ապրելակերպն է: Ըստ նրա՝ անկախության հռչկագիրը մտավոր թռիչքի դրսևորում էր, որին պատրաստ չէր իշխանությունը: «Այս ամենով հանդերձ, այնուամենայնիվ, ուզում եմ շեշտել, որ 1990 թվականի օգոստոսի 23-ը մեր ժողովրդի պատմության մեջ կարևորագույն փուլ էր, որը ազդարարեց ստրատեգիական փոփոխության մասին: Ռուսաստանի ճորտերից Հայաստանը հանգեց ազատ քաղաքացիների երկիր դառնալու գործընթացին»,- շեշտեց Հայրիկյանը:

168.am-ի հետաքրքրվածությանն ի պատասխան, թե ինչ գործ ուներ Հայաստանի անկախության հռչակագիրը Արամ Մանուկյանի մեքենայում,  բանախոսն անդրադարձավ ՀՀՇ նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանի՝ ժամանակին արած հայտարարությանը, ըստ որի` հռչակագրի բնօրինակը 2007 թվականին գողացել են վերջինիս մեքենայից: Պ. Հայրիկյանն ամփոփելով ասաց. «Ովքե՞ր էին գողացել՝ անկախության սիրահարնե՞րը, որ տանեն պահեն հետո վաճառե՞ն: Ինչո՞ւ էր պահում հռչակագիրը մեքենայի մեջ: Պետք է լուրջ վերաբերվել»:

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս