Բաժիններ՝

Եթե գյուղնախարարը չլիներ…

Գյուղատնտեսության նախարարությունը մասնավորի գործերին խառնվելու որևէ լծակ չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ էր գյուղնախարարը տարվա սկզբին ասում, որ գյուղմթերքն ամբողջությամբ իրացվելու է, Մակարյանը պատասխանեց. «Գյուղմթերքների իրացման խնդիրներ էլի չէինք ունենա, եթե լինեին կազմակերպություններ, ովքեր իրենց կողմից ներկայացված թվերին տեր կկանգնեին:  Հիմա այդ խնդիրը մենք աշխատում ենք լուծել: Ոչ ոք չգիտեր, որ Տավուշի մարզի դեղձի ծավալներն այս տարի ավելի առատ են լինելու: Կարող եք այդպես էլ գրել, որ եթե գյուղնախարարը չլիներ, Տավուշի մարզի դեղձը ոչ ոք չէր մթերի»:

Փոխնախարարը նաև հավաստիացրեց, որ բոլոր մթերող կազնակերպությունները սկսել են 2012թ. մթերման աշխատանքներն՝ առանց գյուղացիների հանդեպ գումարային պարտավորությունների: «Անցյալ տարի, հունվարի 1-ի դրությամբ, մթերող կազմակերպությունների մեծ մասը գյուղացիների նկատմամբ գումարային պարտավորությունները մարել են: 1-2 կազմակերպություններ կային, որոնք իրականացրել էին աննախադեպ մթերումներ, բայց փետրվար ամսին  գյուղացիների հանդեպ գումարային պարտավորությունների ամբողջ մնացորդն արդեն մարել էին: Խոսքն այն կազմակերպությունների մասին է, որոնք պլանավորածից առավել մեծ քանակությամբ գյուղմթերք են մթերել»,- նշեց Ռ.Մակարյանը:

Վերջինս նաև տեղեկացրեց, որ Հայաստանի գյուղմթերքը, ինչպես մթերվում, այնպես էլ արտահանվում է: Գյուղմթերքն արտահանվում է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա և Վրաստան:  Մոտ 100տ պտուղ-բանջարեղեն արտահանվել է Արաբական Միացյալ Էմիրություններ, փոքր քանակի արտահանում իրականացվում է դեպի Քուվեյթ, Թաիլանդ,Նիդեռլանդներ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս