Կրկին գնդակոծություններ Տաուշի մարզի սահմանին
Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ երեկ Ադրբեջանի զինված ուժերը խոշոր տրամաչափի գնդացիրներից սկսել են գնդակոծել Տաուշի Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Մովսես գյուղերը։ 168.am-ի հետ հեռախոսազրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Կոնկրետ գյուղերի գնդակոծման մասին տեղեկություն չունենք, բայց գիտենք, որ թշնամին հաճախ է Տավուշի մարզի սահմաններում խախտում զինադադարը: Իսկ վիրավորներ կամ զոհեր չունենք»: Գնդակոծությունների մասին տեղեկությունը 168.am-ի հետ հեռախոսազրույցում նախ հաստատեց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը .«Այո, երեկ երեկոյան ժամը 22:50-ից մոտ մինչև 23:50-ը եղել է գնդակոծություն, որի հետևանքով տանիքներն են ծակծկել: Արտառոց դեպքեր, հրդեհներ չեն եղել»: Ներքին Կարմիրաղբյուր գյուղի գյուղապետ Մանվել Կամենդատյանը նույնպես հաստատեց կրակոցների փաստը. «Այո, ճիշտ են այդ լուրերը: Հրազենով բնակավայրի վրա են կրակել: Մարդկային կորուստ չունենք: Գազի խողովակաշարն էր ծակվել, հրդեհ էր առաջացել, բայց փակեցինք խողովակաշարի անցքը և հրդեհը հանգավ`չհասցնելով տարածվել: Գնդակոծություններ պարբերաբար լինում են: Չնայած մարդկային կորուստներ չունենք, բայց ես չեմ կարող ասել, թե այդ կրակոցների ձայնից քնից արթնացած երեխան ինչքան է վախեցել և վախից ինչ հիվանդություն է ձեռք բերել»: «Մովսես» գյուղի գյուղապետարանի քարտուղարուհի Սոնա Անդրեսյանն էլ ասաց. «Գյուղապետը հիմա աշխատակազմի հետ գնացել է գյուղի վերևի թաղեր`գնդակոծության հետևանքների մասին հետազոտության: Բայց մարդկային վնասներ չկան»: