Հալեպի հայաբնակ թաղամասերն անցել են ապստամբների հսկողության տակ

Հալեպի հայաբնակ թաղամասերը անցել են ապստամբների վերահսկողության տակ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են սիրիական զարգացումներին մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրները:

Այլ մանրամասներ այս պահին մեր աղբյուրները չեն հաղորդում:

Վերջին օրերին սիրիահայերն «Ազատություն» ռադիոկայանին պատմում էին, որ կառավարության ու ապստամբների զորքերի միջեւ մարտերը մոտեցել են իրենց թաղամասերին, որոշ տեղերում նաեւ մուտք են գործել հայկական թաղամասեր:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում սա հաստատել են նաեւ երկուշաբթի երեկոյան Հալեպից ինքնաթիռով Երեւան տեղափոխված սիրիահայերը:

Կարդացեք նաև

«Նորից հասավ մեր մոտ», – «Ազատություն» ռադիոկայանին ասաց նրանցից մի տղամարդ` հավելելով, որ իրավիճակը «շատ վտանգավոր է» եւ վերջին օրերի ընթացքում «մահեր էլ եղան»:

Հարցին, թե հատկապես ինչ առումով է վատ իրավիճակը, նա արձագանքեց. – «Ամեն ինչ վատ է»:

Նրա խոսքով, կառավարությանը հավատարիմ զորքը Հալեպի հայաշատ թաղամասերում պաշտպանում է հայերին:

Տղամարդն ասաց, որ ինքն իր ընտանիքով 15 օրով է եկել Հայաստան, բայց հնարավոր է, որ ավելի երկար մնան:

Հայաստանի կառավարությունն այս ամսվա սկզբին հայտարարում էր, որ Հալեպում թեժացած մարտերն ուղղված չեն հայերի դեմ, հետեւաբար հալեպահայերին երկրից դուրս բերելու անհրաժեշտություն չկա` նշելով, որ այդ մասին կմտածեն այն դեպքում, երբ հայերին վտանգ սպառնա:

Հայաստանի կառավարությունն ու Հալեպի հայկական համայնքի ներկայացուցիչները առայժմ չեն խոսում հալեպահայերի տարհանման մասին:

Ըստ Հայաստանի արտաքին գործերի նախարարության տվյալների, Սիրիայում արդեն զոհվել է 10 հայ, որոնցից 2-ը` վերջին օրերին:

 

Տեսանյութեր

Լրահոս