Ինքնահրկիզված Վոլոդյա Սահակյանի հարևանները դժվարանում են պատճառաբանել նրա արարքը
Երեկ տեղի ունեցած ինքնահրկիզման դեպքի պատճառները պարզելու նպատակով այսօր 168.am-ի թղթակիցը այցելեց դեպքի վայր՝ Նոր-Նորք և զրուցեց ինքնասպան եղածի հարևանների հետ:
Պարզելու համար՝ ինչը կարող էր 65-ամյա տղամարդուն ինքնահրկիզման դրդել, 168.am-ի թղթակիցը դիմեց Վոլոդյա Սահակյանի հարազատներին, սակայն նրանք չցանկացան խոսել, պարզաբանումներ անել: «Տենց բան մի´ արեք, ազի´զ ջան»,- մասնավորապես ասաց Վոլոդյայի հարսը:
Երևանի Նոր-Նորք Վարչական շրջանի 4-րդ զանգվածի 28 շենքի բնակիչ Գոհար տատիկը մեր թղթակցին պատմեց, որ, առավոտյան շտապօգնության մեքենան տեսնելով` մտածել է, թե շենքի բնակիչներից մեկն է իրեն վատ զգացել. «Հետո նոր իմացա, որ Վոլոդյան ա իրան վառել»: Գոհար տատիկի խոսքերով՝ Վոլոդյան շատ ինքնամփոփ մարդ է եղել, շենքի բնակիչների հետ գրեթե չի շփվել: Այնուամենայնիվ, Գոհար տատիկը Վոլոդյայի պահվածքում վերջին շրջանում փոփոխություններ չի նկատել. նա նման արարքի չէր սպասում և դժվարանում է հասկանալ՝ ինչն է տղամարդուն նման քայլի դրդել:
Շենքի բնակիչ տիկին Ալետան երեկ առավոտյան Վոլոդյայի բնակարանից դուրս եկող ծուխ է նկատել. «Տեսա, որ 3-րդ հարկից ծուխ ա բարձրանում, եկա, ամուսնուս ասեցի, որ գնա՝ տեսնի՝ ինչ ա եղել: Հետզհետե ծուխը մարեց: Հետո, երբ դուրս էի գալիս շենքից, տեսա, որ իրանց տան դուռը բաց ա: Մտածեցի՝ Վոլոդյայի կինն ա վատացել (Ցողիկին՝ Վոլոդյայի կնոջը, մի քանի օր առաջ շտապօնության մեքենան հիվանդանոց էր տարել): Իմացա, որ Վոլոդյան ա իրան վառել: Շատ զարմացա: Մինչև հիմա մեր վրա մութ ա մնացել՝ ինչ ա եղել, ոնց ա եղել, ինչի ա արել»:
ՏիկինԱլետայի խոսքերով՝ Վոլոդյան կռվարար մարդ էր. «Կռիվ էր անում, տունը կռիվ էր քցում, կարող ա անմեղ տեղը շենքի աստիճաններից իջնող մարդուն ռեպլիկա գցեր»: Նա պատմում է, որ Վոլոդյայի ընտանիքը առևտրով էր զբաղվում. Խանութ ունեին, որտեղ ընտանիքի բոլոր անդամներն աշխատում էին, բացի Վոլոդյայից. «Ինքը մի հատ հին 24 ուներ, դրանով նստում, գնում, գալիս էր. իբր թե փող էր աշխատում»:
Հիշեցնենք, որ 1947թ. ծնված Վոլոդյա Սահակյանն ինքնահրկիզվել է երեկ առավոտյան 9.30-ի սահմաններում իր բնակարանում: ՀՀ Ոստիկանության հասարակայնույան հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ դեպքի մանրամասները դեռևս հայտնի չեն, կատարվում է քննություն: