«Ո՞նց կարա քաղաքապետը թևանցուկ անի մարզպետին»
Օրեր առաջ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի այցելությունը Սիսիան բավական մեծ աժիոտաժ է առաջացրել տեղի բնակիչների շրջանում:
Ըստ նրանց` մարզպետը Սիսիանի քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Աղասի Հակոբջանյանի հետ թևանցուկ արած քայլում էր Սիսիանի փողոցներով, իսկ հետո մարզպետի այցն ավարտվել է համատեղ ճաշկերույթով: Բնակիչների ասելով` ճաշկերույթն ապշեցրել էր թե՛ մարզպետի, թե՛ քաղաքապետի թիմակիցներին:
Սիսիանցիները զարմանում են, թե ինչպե՞ս է մարզպետը դրժել այս տարվա մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից առաջ ՀՀԿ շտաբի նիստին հնչեցրած երդումը, համաձայն որի` ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի Սիսիանն ազատի Աղասի Հակոբջանյանից, ավելին` նույն նիստին Սուրեն Խաչատրյանը նաև անձնական հայհոյանքներ (հասկանալի պատճառներով՝ դա չենք հրապարակում) էր հնչեցրել Ա. Հակոբջանյանի հասցեին:
168.am-ը փորձեց որոշ հարցերի պարզաբանում ստանալ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանից: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված իր և Սուրեն Խաչատրյանի ներկայիս մտերմությունը, թևանցուկ փողոցներով քայլելը, և ինչպե՞ս են հարթվել նախկին բախումները, Ա. Հակոբջանյանը պատասխանեց. «Ո՞վ է ձեզ նման ինֆորմացիա տվել: Տենց բան չի եղել` թևանցուկ… Ո՞նց կարա քաղաքապետը թևանցուկ անի մարզպետին և ի՞նչ հաշվի առնելով: Մարզպետն աշխատանքային այցով գտնվել էր Սիսիանում, ի՞նչ թևանցուկ, ինչի՞ մասին եք խոսում: Ո՞վ է ձեզ նման բաներ ասել»:
Իսկ հարցին, թե ինչպե՞ս կբացատրեք այն հանգամանքը, որ մարզպետը, ով նաև Հանրապետական կուսակցության մարզային կառույցի ղեկավարն է, պաշտպանում է ԲՀԿ-ական, այսինքն՝ իր թեկնածությունը, քաղաքապետը պատասխանեց. «Ո՞վ է ձեզ նման բան ասել: Ինչի՞ եք նման բաներ ասել, քարոզարշավը դեռ չի սկսվել, դեռ ոչինչ խոսացած չկա, ինչի՞ մասին եք դուք խոսում: Դուք ո՞նց եք պատկերացնում` մարզպետը պաշտպանում է քաղաքապետի թեկնածությունը: Ժողովուրդը պիտի պաշտպանի: Ես չեմ կարող ասել` մարզպետը պաշտպանո՞ւմ է, թե՞ չի պաշտպանում ինձ, բայց ոչ մի քայլ չի արվել այդ ուղղությամբ: Դեռ շուտ է նման հարցերով զբաղվելու համար»:
Հիշեցնենք, որ 168.am-ի հետ զրույցում Սուրեն Խաչատրյանը հայտարարել էր, որ ՀՀԿ-ն Սիսիանի քաղաքապետի ընտրություններում սատարելու է գործող քաղաքապետ, ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանին:
Մարինե Մարտիրոսյան