Լևոն Արոնյան. «Կրկնակի հաճելի է հայկական դրոշը բարձրացնել Թուրքիայում»
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում սեպտեմբերի 27-ին կմեկնարկեն շախմատի հերթական Օլիմպիական խաղերը: Հայաստանի հավաքականն այս տարի ևս մրցավայր կմեկնի իր մարտական կազմով: «Արմենպրեսը» փորձել է պարզել, թե ինչպիսի մարզավիճակում է թիմի առաջատար Լևոն Արոնյանը:
– Օրեր անց մեկնարկում են շախմատի 40-րդ Օլիմպիական խաղերը: Ինչպե՞ս է տրամադրությունը և ինչպիսի՞ մարզավիճակում եք:
-Կարծում եմ` այս անգամ մենք լավ ենք պատրաստվել: Ամեն ինչ անում ենք պատրաստված գնալու համար: Ինչպես միշտ պայքարելու ենք բարձր տեղերի համար: Եվ սա այն բացառիկ դեպքերից է, երբ վստահորեն կարող եմ ասել, որ ֆավորիտներից մեկը մենք ենք, քանի որ մեր թիմն արդեն երկար տարիներ միասնական է: Վերջին շրջանի մրցույթները ցույց են տալիս, որ մեր գրոյսմաստերները պատրաստ և լավ մարզավիճակում են:
– Կարծու՞մ եք, որ թիմի վրա որևէ հոգեբանական ազդեցություն կարող է ունենալ այն փաստը, որ խաղերն անցկացվում են Թուրքիայում:
-Ո՚չ, չեմ կարծում: Սա առաջին անգամը չէ, որ մենք պետք է ելույթ ունենանք Ստամբուլում: Նման փորձ ունենք: Մեզ համար կրկնակի հաճելի է, երբ հայկական դրոշը բարձրանում է Թուրքիայում, քան մեկ այլ երկրում:
– Ձեզ համար ո՞ր ընտրանիներն են այս Օլիմպիական խաղերի ֆավորիտները:
– Ինչպես միշտ կան այնպիսի շախմատային տերություններ, ովքեր անկախ մարզավիճակից մշտապես ֆավորիտների թվում են: Դրանցից են Ռուսաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը և Իսրայելը: Դժվարանում եմ ասել, թե այս անգամ ում մոտ լավ խաղ կստացվի:
– Ձեր խաղացած պարտիաներից, որն է մնացել Ձեր հիշողության մեջ:
-Դրանք շատ են, դժվարանում եմ առանձնացնել մեկը: Պարտիաները, որոնք, կարելի է ասել, տպավորվել են, երևի թե Օլիմպիական խաղերի ժամանակ են եղել: Պարտիաների գեղեցկությունը կախված է լինում ոչ միայն մեզանից, այլև մեր հակառակորդների ցուցադրած խաղից:
– Օլիմպիական մեր ընտրանու մի քանի անդամների մոտ կա այսպիսի մի հետաքրքիր սովորույթ, եթե մի պարտիայում հաղթում են անպայման հաջորդ պարտիաներում նույն գրիչն են օգտագործում: Դուք հետևո՞ւմ եք այդ սովորույթին:
– Ո՚չ, ես սնահավատ չեմ: Կարծում եմ` մեր տղաները սիրում են նման փոքրիկ ծեսեր: Եթե դա մարդուն օգնում է, թող անի դա անպայման: Դրանում վատ բան չեմ տեսնում:
-Ունե՞ք Ձեր թալիսմանը:
– Ոչ, չկա այդպիսի բան:
– Անդրադառնանք Ձեր նախասիրություններին: Ո՞րն է Ձեր սիրած ֆիլմը:
– Սիրելի ֆիլմեր շատ կան, դժվար է մեկն առանձնացնել: Կառանձնացնեմ ճապոնացի ռեժիսոր Օձուիի ֆիլմերը:
– Ո՞րն է Ձեր սիրելի գիրքը, և այժմ ինչ գիրք կա ձեռքի տակ:
– Սիրելի գրքեր ունեմ, իհարկե, և այն էլ շատ: Բայց ինձ համար սիրելի է Անդրեյ Պլատոնովի ցանկացած գիրք: Մի գիրք կա, որ միշտ կարդում եմ, և հաճախ վերընթերցում` Մաքիավելիի «Մտորումներ Տիտոս Լիվիոսի առաջին տասնօրյակի մասին»:
– Ո՞րն է Ձեր սիրելի վայրը Երևանւոմ:
– Շատ եմ սիրում Կասկադը և նրա հարակից տարածքը: Այնտեղ միշտ քամի կա. Երևանի շոգից ազատվելու ամենալավ վայրն է:
– Եվ ի՞նչ եք նախընտրում հայկական խոհանոցից:
– Երևի թե պասուց տոլման (ծիծաղում է):