Պերեսը դեմ է Իրանին հարվածելուն. նրա հույսը ԱՄՆ է
Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը դեմ է հանդես եկել Իրանի նկատմամբ միակողմանի հարված հասցնելուն: Նա նաև հայտնել է, որ հավատում է Թեհրանում միջուկային զենքի ստեղծում թույլ չտալու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոստմանը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հղում անելով իսրայելական ԶԼՄ-ներին:
«Վստահ եմ, որ Թեհրանում միջուկային զենքի գոյություն թույլ չտալու հարցը հարում է նաև ԱՄՆ շահերին: Վաշինգտոնի հայտարարությունը միայն մեզ հանգստացնելու համար չէ: Բարաք Օբամայի հետ բանակցություներից հետո ես կասկած անգամ չունեմ այդ հարցում: Ակնհայտ է, որ մենք միայնակ չենք կարող հարված հասցնել: Մենք այդ հարցը պետք է լուծենք ԱՄՆ-ի հետ»,- ասել է Շիմոն Պերեսը:
Իսրայելի նախագահը նշել է, որ իրենք հավանաբար ոչ մի ագրեսիվ գործողություն չեն ձեռնարկի մինչև նոյեմբերի սկիզբ: Նշենք, որ ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին նախագահական ընտրություններ են անցկացվելու:
Իսրայելի Սահմանադրությամբ` նախագահն ունի միայն խորհրդանշական պարտականություններ: Սակայն 89-ամյա Պերեսը զգալի հասարակական աջակցություն ունի:
Իսրայելի վարչապետի անանուն աղբյուրը հայտնել է, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուն քննադատել է Պերեսի հայտարարությունը:
«Շիմոն Պերեսը մոռացել է, թե ինչ դեր ունի նախագահն Իսրայելում: Նա մոռացել է իր 3 մեծ սխալների մասին` երկրի անվտանգության գնահատման հարցում: Նա իր հիմնական սխալը թույլ է տվել 1981 թվականին, երբ հանդես է եկել իրաքյան միջուկային օբյեկտի ռմբակոծման դեմ, և ի նպաստ իսրայելցիների` վարչապետ Մենահեմ Բեգինը նրան չի լսել»,- ասել է Նեթանյահուի կողմնակիցներից մեկը: 1981 թվականին Պերեսը եղել է ընդդիմության առաջնորդը:
2012-ի սկզբից Նեթանյահուն բազմիցս սպառնացել է ավիահարված հասցնել իրանական միջուկային օբյեկտներին, եթե Իրանը չկասեցնի ուրանի հարստացման ծրագիրը: