Սա 3000 դրամի աղմուկ չէ՞
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը Panorama.am-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով «ՀՀ վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում, մասնավորապես 195.1 հոդվածում կատարված փոփոխություններին, համաձայն որի՝ «ՀՀ տարածքից դուրս 6 ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ 6 ամսից ավելի ժամկետով բնակվող ՀՀ քաղաքացու կողմից այս մասին համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկին գրավոր չտեղեկացնելը առաջացնում է տուգանքի նշանակում (սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, այսինքն` 3000 դրամ)», ասել է. «Սա 8 տարի ուշացած սանկցիա է»:
Ըստ Հ. Քոչարյանի, երբ ընդունվել է «Բնակչության ռեեգիստրի մասին» օրենքը, դրանով քաղաքացու վրա պարտականություն է դրվել, որ երբ քաղաքացին վեց ամսից ավելի ժամկետով բնակության է մեկնում այլ երկիր այդ մասին պարտավոր է տեղյակ պահել հյուպատոսական հիմնարկին կամ դիվանագիտական ներկայացուցչությանը:
Նաև հայտարարել է, թե դրա վերաբերյալ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքով նախկինում փոքր տուգանք էր սահմանված, և այժմ ընդամենը դրա չափն է վերանայվել: Իսկ մինչ օրս հյուպատոսական ծառայության չտեղեկացնելը, նրա խոսքով՝ եղել է զանգվածային:
«Հիշո՞ւմ եք, ընտրությունների ժամանակ երբ ընտրացուցակների մեջ գտնվող հանրապետությունից դուրս գտնվող քաղաքացիների մասին էին խոսում, ասում էին` նրանց ինչո՞ւ չեք հանել ցուցակներից: Քաղաքացիները իրենց վրա դրված պարտականությունը չէին կատարում, ռեգիստրը չէր իմանում, որ քաղաքացին հանրապետությունից դուրս է գտնվում, հաշվառումից չէր հանում, նրանք էլ մնում էին ցուցակներում: Հիմա այս փոփոխությամբ մենք ավելացրեցինք պատասխանատվության չափը, որ նման խնդիրները լուծվեն: Բայց շատ խիստ չէ, դա նվազ վնասակարություն ներկայացնող իրավախախտում է, և եթե 3000 դրամը քննարկման առիթ է հանդիսացել, ուրմեն սրա պատճառները հաստատ ուրիշ տեղ է պետք ման գալ: Ես չեմ կարծում, որ դա 3000 դրամի աղմուկ է: Այդ պատասխանատվությունը միշտ էլ եղել է 500-1000 դրամի չափով, բայց դուք ինքներդ էլ եք հասկանում, որ դա պատասխանատվության չափ չի»,- կայքի թղթակիցն ասել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը:
Ի դեպ, Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այսօր 168.am-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով «ՀՀ վարչական իրավախախտումների մասին» օրենքի վերոնշյալ փոփոխությանը, հայտարարել է, թե սա ժողովրդից լրացուցիչ «փող կլպելու» միջոց է: