
Գեղամյանը ներում է Սադոյանին` իրեն «լակոտ» անվանելու համար

ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը վերջերս խոսել էր այն մասին, թե ինչու խորհրդարանական ընտրություններում ինքը չէր ընդգրկվել որևէ կուսակցության համամասնական ցուցակում:
Սադոյանն ասել էր, որ անգամ ՀՀԿ ցուցակում տեղ զբաղեցնելու առաջարկներ է ունեցել, սակայն մերժել է, քանի որ այդպիսով կկորցներ իր «կուսակցության» գիծը:
Aravot.am-ի հարցին` «Ձեր հասակակիցներ Արտաշես Գեղամյանի, Հայկ Բաբուխանյանի պես՝ հնարավո՞ր է վերադառանաք՝ այլ կուսակցություններ մտնելով», Ա. Սադոյանը պատասխանել էր. «Հայկ Բաբուխանյանն իմ հասակակիցը չէ, դրանք լակոտներ են, երեխեք են»:
168.am-ի հարցին, ինչպե՞ս է վերաբերվում, ըստ էության, նաև իրեն ուղղված Ա. Սադոյանի այս գնահատականին, ՀՀԿ համամասնական ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը պատասխանեց. «Դե ինչ արած՝ մեր Արշակն է: Իրեն ամեն ինչ կարելի է ներել: Իր հոգեվիճակը կարելի է հասկանալ: Ավաղ, օգնել արդեն անհնարին է»: