Ազնավուրը Թբիլիսիում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին
Երեկ օգոստոսի 15-ին Վրաստանի կառավարության հրավերով Շառլ Ազնավուրը ժամանել էր Թբիլիսի:
Նույն օրը՝ օգոստոսի 15-ին աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ և երգահանը Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի ուղեկցությամբ այցելել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:
Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ եկեղեցու բակում Ազնավուրին դիմավորել և ողջունել են հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ:
Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցում բարիգալստյան արարողությունից և մոմավառությունից հետո աշխարհահռչակ երգիչը «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում հանդիպել է Վրաստանի հայ համայնքային տարբեր կառույցների, մասնավորապես` հոգևոր դասի, թեմի հոգաբարձուների խորհրդի, Վրաստանի հայ եկեղեցասեր երիտասարդաց միության, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության, Վրաստանի հայ նկարիչների միության, Վրաստանի հայ երաժիշտների միության, Վրաստանի հայ մտավորականների միության և մի շարք այլ կազմակերպությունների ու հայկական կառույցների ներկայացուցիչների հետ:
Ողջունելով մեծանուն երգչին և մեծ մարդասերին` Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը հավաստել է այն մեծ սերն ու հարգանքը, որ հայությունը տածում է տաղանդավոր իր զավակի նկատմամբ: Հանդիպման ավարտին մեծ հայրենակցին իրենց ստեղծագործությունները նվիրել են թբիլիսահայ նկարիչ Թենգիզ Միկոյանցը, քանդակագործ Լևոն Օսիպովը և երաժիշտ Լևոն Շահբազյանը:
Երեկոյան ի պատիվ Շառլ Ազնավուրի Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից տրվել է պաշտոնական ընթրիք:
Հիշեցնենք, որ Ազնավուրը Վրաստան է ժամանել՝ մասնակցելու համար Ախլցխայի բերդի վերաբացման կապակցությամբ կազմակերպվելիք համերգին: