«Թումոն» մեկ տարեկան է. կենտրոնում սովորում է 6000-ից ավելի պատանի
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն արդեն մեկ տարեկան է: Այսօր` օգոստոսի 14-ին, երեկոյան՝ ժամը 18:30-20:00-ը ավելի քան 3000 պատանիներ հավաքվել են «Թումո պլազայում»՝ նշելու կենտրոնի հաջողությունները: Մեկ տարվա ընթացքում կենտրոնում արդեն սովորում են 12-18 տարեկան 6000-ից ավելի պատանիներ, իսկ օրական հաճախումների թիվը գերազանցում է 1000-ը: Այս մասին հայտնում են կենտրոնի մամլո ծառայությունից: «Թումոն» բացառիկ հնարավորություն է ընձեռում պատանիներին՝ բացահայտելու նորարար տեխնոլոգիաների աշխարհը: Այստեղ նրանք կարող են ձեռք բերել գիտելիքներ և զարգացնել հմտությունները չորս հեռանկարային ոլորտներում՝ անիմացիա, խաղերի ստեղծում, կայքերի մշակում և թվային մեդիա: Պատանիներն աշխատելով իրական նախագծերի վրա` սովորում են կիրառել նոր մեդիա գործիքներ:
Կենտրոնում գործում է Ռոբոտաշինության նախագիծը: Այն հնարավորություն է տալիս «Թումոյի» պատանիներին՝ սովորելու ռոբոտների ծրագրավորում LEGO Mindstorms NXT-G գրաֆիկական լեզվով՝ համագործակցելով տեղացի և արտերկրից ժամանած մասնագետների հետ: Երաժշտությամբ հետաքրքրված պատանիների համար անցկացվում է համակարգչային երաժշտության դասընթաց, որի ընթացքում «Թումոյի» անդամները ստեղծում են երաժշտություն, գրում երգեր, կատարում և ձայնագրում իրենց ստեղծագործությունները:
«Թումոն» իրականացնում է նաև մի շարք նախագծեր, որոնցում ընդգրկված երիտասարդները ծանոթանում են անիմացիայի ստեղծման աշխատանքներին և մասնագետների աջակցությամբ ստեղծում տեսահոլովակներ:
Բոլորովին վերջերս համացանցում հայտնվեց հանրահայտ հայազգի ռոք երգիչ Սերժ Թանկյանի «Uneducated Democracy» («Անգրագետ ժողովրդավարություն») նոր երգի տեսահոլովակը: Հոլովակի պատրաստման աշխատանքներում ընդգրկված էին «Թումոյի» 14-18 տարեկան մի խումբ սաներ: Երկու շաբաթ անընդմեջ պատանիներն աշխատել են տեսահոլովակի ստեղծման ուղղությամբ՝ գրելով սցենար, կերտելով պլաստիլինե և գծանկար-կերպարներ, որոնք կենդանություն են ստացել անիմացիոն հնարքների միջոցով:
Նշենք, որ «Թումո» կենտրոնը ստեղծվել է «Սիմոնյան» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ: Ուսուցումը «Թումոյում» անվճար է, իսկ այստեղ կարող են սովորել ժամանակակից թվային տեխնոլոգիաներով հետաքրքրված բոլոր 12-16 տարեկան պատանիները:
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լուի Փափազյանի հետ 168.am-ի թղթակցի հարցազրույցը կներկայացնենք վաղը: