
Ռուսների արկածներն Իտալիայում

«Օլիգարխները նվաճել են Տիրենյան ծովի պատմական հանգստավայրերը: Այսօր Մոսկվայից գալիս է երկրորդ ալիքը, որը փրկում է ճգնաժամի եզրին հայտնված զբոսաշրջային ոլորտը»,- անդրադառնալով իտալական ծովափերը ողողած ռուս զբոսաշրջիկներին՝ գրում է «L’Espresso» շաբաթաթերթը: «Անցած 15 տարիներին Պուտինի համերկրացիները Ֆորտե-դեյ-Մարմում գնում էին վիլլաներ, հյուրանոցներ, ռեստորաններ և հողատարածքներ, սակայն ոչ՝ հանգստյան գոտիներ ու հաստատություններ:
Հանգստյան հաստատությունների ասոցիացիայի նախագահ Ֆրանկո Ջանոտտին հայտարարել է. «Մենք ուզում ենք, որ հանգստյան գոտիները մնան տեղացի ընտանիքներին սեփականությունը»: Սակայն կանխել ռուսների կողմից հանգստյան գոտիների ձեռքբերման գործընթացը՝ շատ բարդ կլինի»,- գրում է իտալական պարբերականը: «5 հազար եվրո թեյավճարներ թողնող նախկին շռայլ ռուս օլիգարխներին ներկայումս փոխարինելու են գալիս նոր կառավարիչները, ովքեր սովոր են ապրել Մոսկվայի և Լոնդոնի միջև, որոնք ավելի համեստ են, բայց շատ ավելի խստապահանջ»,- գրում է «L’Espresso»-ն:
Hilton Worldwide կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա հունվար-մարտ ժամանակահատվածում Իտալիա են մեկնել 207 հազար ռուսներ` 56 հազարով ավելի քան մեկ տարի առաջ: Կանխատեսումների համաձայն՝ արդեն 2016 թվականին նախկին ԽՍՀՄ հանրապետությունների 60 միլիոն քաղաքացիներ կնախընտրեն հանգիստն արտերկրում: