Լուռ մրցակցություն` ԲՀԿ-ական և ՀՀԿ-ական երիտասարդների միջև

Ինչպես և կարելի էր սպասել, Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությունը, այդ հարցում ՀՀ իշխանությունների նկատմամբ ռուսական ճնշումները հայաստանյան քաղաքական ուժերն օգտագործելու էին որպես յուրահատուկ «տրամպլին»` առաջիկա քաղաքական զարգացումներից առաջ:

Ընդ որում, դա անում են անթաքույց, առանց ավելորդ ձևականությունների: Խոսքը մասնավորապես ու առաջին հերթին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին է, որի Երիտասարդների միությունը, ինչպես տեղեկանում ենք այսօր տարածված հաղորդագրությունից, մի քանի օր հետո այդ թեմային նվիրված խոշոր միջոցառում է կազմակերպելու: «Օգոստոսի 22-27-ը «Բարգավաճ  Հայաստան» կուսակցության Երիտասարդների միության նախաձեռնությամբ, ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանի բարձր հովանու ներքո, Ծաղկաձորում անցկացվելու է Առաջին Եվրասիական երիտասարդական համաժողովը»,- նշված է ԲՀԿ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ, որի համաձայն՝ 14 երկրներից ժամանած պատվիրակությունները հայաստանյան կողմի հետ քննարկելու են Եվրասիական միության ստեղծման գաղափարը և համաժողովի վերջում ստորագրելու են հատուկ հայտարարություն:

Այն, որ ԲՀԿ-ն միշտը ընդգծված ռուսական դիրքորոշում է հայտնել, որևէ մեկի համար ո՛չ գաղտնի է, ո՛չ էլ նորություն: Սակայն «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բարձր հովանու ներքո» նման միջոցառում կազմակերպելով` «Բարգավաճ Հայաստանը» դառնում է Եվրասիական միության գաղափարին նման մակարդակով «միս ու արյուն» տվող հայաստանյան առաջին կուսակցությունը` ուղղակիորեն ռուսական իշխանություններին հասկացնելով, որ «բարձր հովանու ներքո» կարող է դառնալ նաև այդ ծրագրի պաշտոնական իրագործողը Հայաստանում:

Այս նախաձեռնությունն ուշագրավ է նաև մեկ այլ առումով: Նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան վերջին այցելությունից առաջ հիմնականում երիտասարդ ՀՀԿ-ականներով համալրված Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհուրդը հայտարարեց տասնյակից ավելի այլ երիտասարդական կազմակերպությունների «Եվրասիական ինտեգրման նախաձեռնության օժանդակություն» հայկական շարժման մասին, որի նպատակն է`աջակցել համագործակցության խնդիրների քննարկմանը, հեռանկարային ու ռազմավարական ծրագրերի մշակմանը:

Կարդացեք նաև

Դրանից ընդամենը մի քանի օր անց հայտարարվեց ԲՀԿ Երիտասարդների միության ծաղկաձորյան միջոցառման մասին: ԲՀԿ-ում, իհարկե, կհայտարարեն, որ այդ միջոցառումն ամիսներ առաջ է պլանավորված եղել և կապ չունի երիտհանրապետականների նախաձեռնության հետ, սակայն խնդիրը դա չէ:

Ակնհայտ է, որ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև այս հարցում լուռ մրցակցություն է ընթանում: Ճիշտ է, հանրապետականները դեռևս ուղղակիորեն կողմ չեն արտահայտվում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությանը, սակայն, դատելով հատկապես Սերժ Սարգսյանի վերջին` մոսկովյան այցելությունից, նրանք առնվազն չեն բացառում այդ հնարավորությունը` բնականաբար չցանկանալով այդ գործընթացի «դափնիները» թողնել որևէ այլ ուժի:
Թե ով կհաղթի այդ մրցակցությունում, դժվար է ասել: Ակնհայտ է միայն, որ ով էլ հաղթի` պարտվողի դերում լինելու է Հայաստանը:

 

Տեսանյութեր

Լրահոս