Բաժիններ՝

Արմեն Երիցյանը խոսել է հայ լեռնագնացի հետ. ուղղաթիռ կուղարկվի

Վրաստանի Ուշբա լեռը բարձրացած Անդրանիկ Միրաբյանն արդեն 2 օր է, փրկարարների օգնությանն է սպասում: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Անդրանիկը չի կարողանում վայր իջնել: Նշենք, որ Անդրանիկը նախկին փրկարար է:  Նրա  վիճակի և նախատեսվող փրկարարական աշխատանքների մասին  տեղեկություն ստանալու նպատակով 168.am-ը կապ հաստատեց  ՀՀ  արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ:

«Երեք օր է, ինչ Անդրանիկն այնտեղ է` 300-500 մ բարձրության վրա: Երեկ առատ ձյուն էր գալիս այնտեղ: Մենք խոսել ենք մեր վրացի գործընկերների հետ: Ես կապվել եմ նաև Ռուսաստանի մեր գործընկերների հետ: Ե՛վ ռուսները, և՛ վրացիները պատրաստ են օգնել: Այնտեղ պետք է ուղղաթիռով բարձրանալ: Հայաստանի հիդրոմետ ծառայությունն, իմ հանձնարարությամբ, կապվել է Ռուսաստանի հիդրոմետ ծառայության հետ: Այնտեղից ասել են, որ այսօր երեկոյան հնարավոր է՝ եղանակը բացվի մոտ 80 տոկոսով, իսկ վաղն ամբողջությամբ լավ եղանակ է սպասվում: Հենց որ մեկ կամ նույնիսկ կես ժամ էլ լավ եղանակ եղավ` մենք անպայման ուղղաթիռը կուղարկենք: Կամ մենք կուղարկենք ուղղաթիռ, կամ վրացիները, բայց վրացիներն  ասում են, որ իրենք կուղարկեն: Ամեն ինչ անում ենք այդ ուղղությամբ: Այսօր նախարարության  Ճգնաժամային կառավարման կենտրոնից ուղիղ  կապ ենք հաստատել Անդրանիկի հետ»,- ասաց նախարարը:

Մեր այն հարցին, թե ի՞նչ վիճակում է այժմ Անդրանիկը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը պատասխանեց. «Քեֆս բերում են այդպիսի հայ տղաները: Ինքն էր ինձ ոգևորում:  Հարցնում եմ՝ ո՞նց է, պատասխանում է, թե՝ պարոն նախարար, ամեն ինչ լավ է, մի անհանգստացեք, քանի օր պետք է` կմնամ: Ես անհանգստանում էի, որ հեռախոսի մարտկոցը կարող է նստել, բայց իր մոտ հատուկ հարմարանք կա, որի միջոցով կարողանում է հեռախոսի մարտկոցը լիցքավորել: Ես չեմ ճանաչում այդ տղային, բայց հիացած եմ նրանով: Մենք հաճախ ենք խոսում միմյանց հետ, մեր Ճգնաժամային կառավարման կենտրոնից մշտական կապի մեջ են Անդրանիկի հետ: Բացի այդ, առավոտյան ժամը 5-ին մեր փրկարարներն արդեն  վրացի փրկարարների հետ ոտքով  ճանապարհ են ընկել այդ ուղղությամբ: Մենք երկու ճանապարհներն էլ օգտագործում ենք Անդրանիկին օգնելու համար»,- ասաց Արմեն Երիցյանը:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս