
Թուրքական մասնավոր ընկերությունները «Գազպրոմ»-ի հետ համաձայնագիր են կնքել

Թուրքական չորս ընկերություններ և ռուսական «Գազպրոմ»-ը համաձայնագիր են կնքել Արևմտյան երթուղով ռուսական գազի ներկրման շուրջ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգաշուկայի կանոնակարգման (EPDK) աղբյուրը: Ըստ Zaman-ի՝ Թուրքական կողմից համաձայնագիրը ստորագրել են Akfel Gaz, BosphorusGaz, Kibar Holding և İndex Holding ընկերությունները: Թուրքական BOTAŞ և ռուսական «Գազպրոմ» ընկերությունների միջև ռուսական գազի ներկրման մասին համաձայնագրի ժամկետը սպառվում է 2012 թվականի սեպտեմբերին:
Հունիսին Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը EPDK-ի հետ համատեղ մշակել էր մի օրինագիծ, ըստ որի՝ երկրի մասնավոր սեկտորին թույլ տրվեց բնական գազ ներկրել Թուրքիա, ընդ որում՝ մասնավոր սեկտորին թույլ է տրվում գազ ներկրել այն երկրներից, որոնց հետ Թուրքիան ունի գազային համաձայնագիր, և այն երկրներից, որոնց հետ տվյալ ոլորտի համագործակցությունը դեռ չի հաստատվել: