ՀԱԿ-ը Եվրասիական միության հարցը չի քննարկել

«Մենք այդ հարցը Կոնգրեսում չենք քննարկել ընդհանրապես, քանի որ այն դրված չի եղել մեր առջև: Ընդհանրապես, մենք գտնում ենք, որ Հայաստանն իր տեղը պետք է գտնի միջազգային առևտրային համակարգերում ու շուկաներում և ինտեգրվի միջազգային տնտեսական համակարգեր, ինչը հնարավորություն կտա զարգացնել արտահանումը, իսկ այսօրվա համաշխարհային տնտեսությունում գոյատևման միակ ձևը մրցունակ տնտեսությունն է,- դեռևս օգոստոսի սկզբին՝ պատասխանելով 168.am-ի հարցին` ինչպե՞ս է Հայ ազգային կոնգրեսը վերաբերվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը հանդիսացող Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցությանը, ասել է ՀԱԿ համակարգող, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` ավելացնելով,Ինչ վերաբերում է կոնկրետ Եվրասիական միությանը, չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև ոչ դրա փաստաթղթերի հետ եմ ծանոթ, ոչ էլ նման հարց ընդհանրապես բարձրացվել է Կոնգրեսում:Իսկ ավելի լայն կոնտեքստում` ես անձամբ պատկանում եմ քաղաքական այն դպրոցին, որի հիմնադիրներից է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով Հայաստանի զարգացումը փնտրում է բազմավեկտորային քաղաքականության շրջանակներում: Շատ վտանգավոր է որևէ կողմնորոշման կրող դառնալ և փակել այլընտրանքային ընտրությունների ճանապարհները: Մենք Հայաստանի անկախությունը տեսնում ենք բոլոր կարևոր երկրների հետ հարաբերությունների զարգացման մեջ: Ռուսաստանի հետ մենք ունենք ռազմաքաղաքական լրջագույն համագործակցություն, որի հիմնական էլեմենտները հիմնված են ժամանակին Լ.Տեր-Պետրոսյանի ստորագրած պայմանագրերի վրա (1997թ. հայ-ռուսական համագործակցության և փոխադարձ օգնության մասին մեծ պայմանագիրը, 1992թ. Հավաքական անվտանգության վերաբերյալ պայմանագիրը` ՀԱՊԿ, 1995թ. ռուսական բազաների տեղակայման մասին պայմանագիրը, և այլն):

Ուստի, կարծում եմ, որ այս համագործակցությունը պետք է զարգացնել` բնականաբար, չբացառելով համագործակցությունը նաև անվտանգության այլ համակարգերի, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի հետ: Եվրոպական միության, ինչպես Ռուսաստանի հետ, մենք նույնպես ունենք շատ լուրջ տնտեսական համագործակցություն, և բոլոր այն ջանքերը, որոնք նպաստում են Հայաստանի օրենսդրական դաշտի և պետական կառույցների` Եվրամիությունում ընդունված բարձր դեմոկրատական ստանդարտներին համապատասխանելուն, նույնպես պետք է գործադրել, և դա նույնպես շատ կարևոր ուղղություն է: Բնականաբար, ունենք շատ կարևոր հարաբերություններ ԱՄՆ-ի հետ` լծվել ենք վերջինիս հետ կոալիցիոն համագործակցության մեջ: Բայց նաև երբեք չպետք է մտածենք անջատողական որևէ քաղաքականության մեջ ընդգրկվելու մասին, մասնավորապես` շատ կարևոր են մեր հարաբերություններն Իրանի հետ, թեև հիմա Հայաստանն այս առումով բավականին դժվար իրավիճակում է հայտնվել, քանի որ Իրանի դեմ կիրառվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սանկցիաներ, և ՀՀ-ն ստիպված է ենթարկվելու այդ սանկցիաներին, բայց պետք է գտնել լուծումներ, որոնք կապահովեն հայ-իրանական համագործակցությունը, որը միշտ ունեցել է կենսական նշանակություն ոչ միայն Հայաստանի զարգացման, այլ նաև գոյատևման համար: Հայաստանը երևի միակն երկիրն է, որն այդքան դժվար վիճակում է հայտնվում այդ սանկցիաների պատճառով:

Այս ամենը ես ասում եմ այն նպատակով, որ համարում եմ` Հայաստանի անկախության ամրապնդման և զարգացման, տնտեսական բարեկեցության համար կարևոր է գտնել և զարգացնել համագործակցության տարբեր ոլորտներ՝ աշխարհի տարբեր երկրների` հատկապես մեր հարևանների հետ: Եթե չլինեին մեր հակամարտություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, նրանք պետք է լինեին մեր այսօրվա առաջնային գործընկերները տնտեսական և տարածաշրջանային համագործակցության հարցերում, սակայն այդ խնդիրները կան, և պետք է հասկանալ, որ այդ հակամարտություններն էլ չեն կարող լինել հավերժ, և Հայաստանը պետք է փնտրի այդ կոնֆլիկտների լուծումը` իհարկե, ոչ ի հաշիվ մեր ազգային շահերի»:

 

Կարդացեք նաև


 

 

Տեսանյութեր

Լրահոս