«Հակոբյան Մաքսիմը նաև իմ շտաբի պետն է»

Ասում է Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը, ով արդեն չորրորդ անգամ առաջադրվում է քաղաքապետի պաշտոնում

Քաջարանի քաղաքապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Վարդան Գևորգյանն օգոստոսի 8-ին առաջադրել է իր թեկնածությունը քաղաքապետի պաշտոնի համար: Նա շատ լավատեսորեն է վերաբերվում բոլոր հարցերին: «Միանշանակ, ես լավատես եմ և տեսնում եմ թունելի վերջի լույսը՝ մեր պետության հզորացումը, բանակի հզորացումը, վաղվա երիտասարդի կայացումը: Եվ կոչ եմ անում, որ ամեն ինչ հաղթահարենք ժպտալով: Այսօր մեր դեմքից, մեր աչքերից կորել է ժպիտը: Նույն այս ընտրությունները, չեմ ասում, թե պետք է լինեն եվրոպական չափորոշիչներով, պետք է լինեն հայկական չափորոշիչներով, և թող աշխարհը զարմանա, ոնց որ զարմացավ մայիսի 6-ին տեղի ունեցած ԱԺ ընտրություններին: Մայիսի 6-ին ամբողջ աշխարհը զարմացավ, թե ո՞նց կարող է մի երկիր, որը շրջապատված է մուսուլմանական երկրներով, իդեալական ընտրություններ իրականացնել»,- ասաց նա:

Վ. Գրիգորյանը պատասխանել է 168.am-ի հարցերին:

– Ո՞րն է կրկին առաջադրվելու Ձեր նպատակը:

– Կարծում եմ՝ յուրաքանչյուր աշխատանքի համար անհրաժեշտ է նպատակ ունենալ: Ես արդեն առաջադրվել եմ՝ որպես համայնքի ղեկավարի թեկնածու, բայց չորրորդ անգամն է, որ մասնակցում եմ Քաջարանի քաղաքապետի ընտրություններին: 2002թ. իրականացվել են բազում ծրագրեր, և, ի վերջո, նպատակը միայն այն չէ, որ հերթական անգամ վերընտրվես կամ ընտրվես, այլ կան ծրագրեր, որոնք պետք է հասցնես ավարտին, կամ պետք է ապահովես դրանց շարունակությունը: Սա է նպատակը և խնդիրը:

– Այսինքն՝ կիսատ գործե՞ր ունեք:

– Միանշանակ, կան կիսատ գործեր, և համաձայն չեմ այն մարդկանց հետ, ովքեր մտածում են, թե աշխատանքները կամ գործերն ավարտվել են: Պարզապես կար և կա ցանկություն՝ ժողովրդին ծառայելու: Այդ ցանկությունը հպարտորեն կրում եմ, որովհետև ես համարում եմ, որ համայնքի ղեկավարը նաև ծառայություն է, որ պետք է տանել:

– Քաղաքապետի պաշտոնի համար իր թեկնածությունն է առաջադրել նաև անկուսակցական Ռաֆայել Լալայանը: Ինչպե՞ս եք գնահատում ընտրապայքարը , և արդյո՞ք նրա՝ թեկնածություն առաջադրելը ֆիկտիվ` ձևական բնույթ չի կրում:

– Միանշանակ ֆիկտիվ չեմ կարող համարել: Նրան լավ ճանաչում եմ: Նա կայացած երիտասարդ է, գեղեցիկ ընտանիքի զավակ, ծնողները մանկավարժներ են, պարզապես հաճելի է, երբ թեկնածուների առաջադրումը թշնամական բնույթ, այսինքն՝ լարվածություն չի առաջացնում: Օգոստոսի 8-ին նույնիսկ փաստաթղթերն ենք միասին հանձնել ընտրական հանձնաժողով: Մեր միջև չի եղել թշնամական հարաբերություն կամ, այսպես ասած, ցանկապատից այս կողմ, այն կողմ ինչ-որ բան նետելու խնդիր:

– Այսինքն՝ նույնիսկ հնարավոր է Ձեր ընտրվելու դեպքում պաշտո՞ն առաջարկեք մրցակից Ռ.Լալայանին:

– Չեմ կարծում: Նա այսօր ունի իր աշխատանքը:

– Իսկ ինչո ՞վ է զբաղվում Ռաֆայել Լալայանը:

– «Ապառաժ մայնինգ» ընկերությունը կա, որը հորատապայթեցման աշխատանքներ է իրականացնում: Այնտեղ Ռաֆիկն աշխատում է՝ որպես առաջատար կազմակերպիչ:

– Եվ այդ ընկերությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի «մա՞ս» է կազմում:

– Ոչ, դա առանձին կազմակերպություն է, որն իրականացնում է այդ կոմբինատի և հանքարդյունաբերական այլ ձեռնարկությունների պատվերները:

– Նշեցիք, որ Քաջարանում թշնամական ընտրապայքարի մթնոլորտ չի ձևավորվել: Իսկ թշնամական մթնոլորտի ձևավորում նկատե՞լ եք Կապանում:

– Չեմ կարող միանգամից գնահատական տալ՝ թշնամակա՞ն է մթնոլորտը, թե՞ բարիդրացիական: Ի տարբերություն Քաջարանի և մյուս քաղաքների, Կապանն, ի վերջո, մարզկենտրոն է, և իր բնակչության թվաքանակով մի քանի անգամ գերազանցում է Սյունիքի այլ համայնքներին: Այդ չափի և կարգավիճակի առումով կան, իհարկե, հակասություններ, ինչպես նաև՝ տրամաբանություններ, որոնցից բխում են նաև շահեր՝ թե՛ կուսակցական, թե՛ ներանձնական: Առաջադրված երեք թեկնածուներն էլ Կապանի բնակիչներ են, ընկերություն են անում իրար հետ: Ես ինքս մի քանի անգամ հանդիպել եմ գործող քաղաքապետին և մյուս երկու թեկնածուներին, ովքեր տարբեր սեղանների շուրջ, տարբեր միջոցառումների ժամանակ հանդիպելուց՝ միշտ ողջագուրվել են: Յուրաքանչյուրն իր ծրագրերն ու նպատակներն իրագործելու խնդիր է դրել, որ առաջադրվել է:

Իսկ որպես ՀՀԿ կուսակցության անդամ՝ Ձեր թիմակիցը՝ Կապանի քաղաքապետի թեկնածություն առաջադրած Աշոտ Հայրապետյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ իրեն աջակցելու են ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Վահե Հակոբյանն ու ՀՀԿ մարզային խորհրդի նախագահ, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Դուք փորձելո՞ւ եք աջակցել Ձեր կուսակցին:

– Միանշանա՛կ: Խնդիրը հետևյալն է՝ Ագարակի, Մեղրիի, Կապանի, Քաջարանի, Սիսիանի թեկնածուներն առաջադրվել են ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի կողմից:

Մարզպետի՞ որոշումն է եղել:

– Ոչ, դա մարզպետի որոշումը չի եղել: Կա խորհրդի որոշում: Առաջադրումները հիմնականում կուսակցական խորհրդում են եղել: Ինչպես ասում են՝ մարդ կա՝ տերտերին է սիրում, մարդ էլ կա՝ տերտերի կնկան: Սա ասում եմ այն իմաստով, որ, իհարկե, ես և համայնքի գործող ղեկավարները սերտ հարաբերությունների մեջ ենք, և ես, համենայն դեպս, բարեկամական հարաբերությունների մեջ եմ նաև նրանց հետ, ովքեր չեն ընտրվել կամ չեն ցանկացել առաջադրվել: Տվյալ պարագայում ես՝ որպես կուսակցության «զինվոր», պարտավոր եմ կատարել կուսակցության որոշումը:

– Եվ ինչպե՞ս է լինելու այդ աջակցությունը:

– Այսօր ես նույնպես թեկնածու եմ և ճիշտ չեմ համարում այլ համայնքի կյանքին միջամտել, բայց սեպտեմբերի 9-ին ես կլինեմ շնորհավորող ընտրված քաղաքապետին:

Կապանի քաղաքապետ, ՀՅԴ կուսակցության անդամ Արտուր Աթայանը մեզ հետ զրույցում նշեց, որ Կապանի քաղաքապետի պաշտոնում ՀՀԿ թեկնածուն ճիշտ չընտրվեց, և միանշանակ կերպով չէր ընդունվել Ա. Հայրապետյանի թեկնածության առաջադրումը: Ճի՞շտ եք համարում Ձեր կուսակցի ընտրությունը Կապանում:

– ՀՀԿ-ն երբեք չի սխալվել, և այսօր, կարծում եմ, այլ կուսակցության անդամ կամ այլ համայնքի թեկնածու չի կարող քննադատել կամ քննարկել կուսակցության որոշումը: Ես ինքս նաև կուսակցության մարզային խորհրդի անդամ եմ, և որոշումը կայացնում է կուսակցությունը: Ինչ վերաբերում է Աշոտ Հայրապետյանի թեկնածությանը, ապա նա երիտասարդ, բանիմաց անձնավորություն է, ում նաև ճանաչում եմ Արցախյան ազատամարտից: Նա նաև Կապանի Երկրապահ կամավորականների միության անդամ է: Համոզված եմ, որ Կապանի Երկրապահ կամավորականների միությունը հայտարարությամբ հանդես կգա՝ աջակցելու համար՝ և՛ նրան, և՛ ինձ: Համոզված եմ, որ Ա. Հայրապետյանն՝ ընտրվելու դեպքում, կաշխատի և կծառայի կապանցիներին: Նախ՝ պետք է փորձել: Այսօր ես կրկին առաջադրվել եմ, և առաջին երկու ընտրություններին ես միակ թեկնածուն եմ եղել: Դա կլինի ինքնագովասանք, որ ասեմ՝ Քաջարանում չկան այլ թեկնածուներ: Համայնքի ղեկավարի ընտրությունները համարում եմ կարևորագույն ընտրություններ: Ազգային ժողովի և նախագահական ընտրություններն այլ որակի են, և այդքան էլ չեն ազդում համայնքի ներքին կյանքի վրա, բայց Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, մրցապայքարի արդյունքում, ձևավորվում են այնպիսի նեգատիվ երևույթներ, որոնք համայնքի վրա ոչ միայն վատ ազդեցություն են թողնում, այլև խորացնում են ներքին ճգնաժամը: 4-5 տարի հարևանը կարող է չխոսել հարևանի հետ:

– Բազմիցս հնչում է այն կարծիքը, ըստ որի՝ Քաջարանի քաղաքապետ նշանակվում է նա, ում ցանկանում է տեսնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Եվ հետագայում Մ. Հակոբյանի թելադրած կանոններով էլ շարժվում է այդ քաղաքապետը: Ձեր հասցեին ևս հնչում են նման խոսակցություններ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հանգամանքը:

– Այլ խնդիր է, եթե Մաքսիմ Հակոբյանի փոխարեն լիներ մեկ ուրիշը, և իմ մասին նման խոսքեր ասեին, ես միգուցե այլ գնահատական կտայի դրան: Նախ՝ Քաջարանի քաղաքապետ չի նշանակվում, մեր քաղաքացիներն ընտրում են, և ընտրում են սրտանց: Ես չորրորդ անգամ եմ առաջադրվել և երբեք չեմ զգացել նշանակելու որևէ խնդիր: Եթե այսօր ԶՊՄԿ-ն, որ մենք համարում ենք մեր համայնքի և նաև տարածաշրջանի զարկերակը, և եթե Մաքսիմ Հակոբյանն ավելի լավ է ընկալում, թե ինչպես կարելի է կառավարել համայնքը, կազմակերպություններ, ապա ես վատ չեմ զգում, թող ասեն՝ Հակոբյան Մաքսիմը նշանակեց Վարդանին: Նրա հետ մտերմիկ հարաբերությունները թույլ են տալիս ինձ նման բան ասել: Մենք համատեղ աշխատել ենք: Ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո հանքում աշխատանքի ընդունվեցի: Նա եղել էր բաց հանքի գլխավոր ինժեները, իսկ ես՝ բանվոր, էքսկավատորավարների օգնական, այնուհետև` հերթափոխի պետ, ապա՝ կոմբինատի ներքին կոմիտեի քարտուղար, շրջանային իրավունքների կազմակերպության քարտուղար, արհմիության նախագահ: Ես ինքս վատ չեմ զգում, որովհետև Հակոբյան Մաքսիմի նշանակած կադրերը հակաազգային կամ որևէ վատ արարք չեն անում: Պարոն Հակոբյանը նաև իմ շտաբի պետն է: Ես երբևէ շտաբ չեմ դնում, բայց Հակոբյան Մաքսիմին ընդունում եմ՝ որպես իմ շտաբի պետը, որովհետև նրա վերաբերմունքը համայնքին, համայնքի բնակչությանը… ի վերջո, այսօր համայնքի բյուջեի ձևավորման մեջ մեծ դեր ունի այդ ձեռնարկությունը: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ձեռնարկության կողմից համայնքում կատարվող ներդրումնենը իրականացվում են մարդու ցանկությամբ: Քաջարան քաղաքն օրգանիզմ է, և քանի որ կոմբինատը շուրջօրյա է աշխատում, մենք ևս աշխատում ենք պահել այդ թիմը: Ինչ գրում են թերթերը նրա մասին (Մաքսիմ Հակոբյանի.- Մ.Մ.), դրանք իր մասին չեն գրում. սա ասում եմ՝ իրեն ճանաչելով: Նա իր ամբողջ կեցվածքով մտավորական է, և, ի վերջո, կարող եմ հստակ ասել, որ կոմբինատի հաջողությունները պայմանավորված են Հակոբյան Մաքսիմի անձով:

– Իսկ ի՞նչ են գրում թերթերը:

– Գրում են, որ եթե ինքը ցանկանա՝ այսինչը կլինի, որ ինքն է նշանակում, և այլն: Անկեղծ ասեմ, չի եղել որևէ մեկը, որ թեկնածություն դներ և գնար-հարցներ պարոն Հակոբյանին՝ թեկնածություն դնի՞, թե՞ ոչ: Իհարկե, հասկանում եմ նաև այն հանգամանքը, որ Մաքսիմ Հակոբյանը բավական հարգված անձնավորություն է և, իհարկե, ունի նաև իր ընտրազանգվածը, բայց ինչո՞ւ չեն գնում, և ինչո՞ւ ինքը համաձայնություն չի տալիս մեկ ուրիշի:

– Այդ դեպքում ինչո՞ւ Կապանի քաղաքապետի նախորդ ընտրություններին Մ. Հակոբյանը պաշտպանեց Դաշնակցության անդամի թեկնածությունը, այլ ոչ թե՝ ՀՀԿ-ի:

– Պարոն Հակոբյանն անկուսակցական է ոչ միայն փաստաթղթի առումով, այլև անկուսակցական է իր բնույթով: Ես երբևէ չեմ համարում, որ նա պաշտպանել է Դաշնակցության թեկնածուին, տվյալ պարագայում նա պաշտպանել է իր համար գնահատելի և իր տեսակետի մեջ արժանավոր թեկնածուի: Այսինքն՝ չի եղել նման դեպք, որ Հակոբյան Մաքսիմը պաշտպանի Դաշնակցության կամ ՀՀԿ-ի թեկնածուին: Տվյալ պարագայում՝ նա պաշտպանել է իր տեսակով լավագույն թեկնածուին:

 

Տեսանյութեր

Լրահոս