ՀԱԿ անդամը դժվարանում է ասել` Հայաստանը պե՞տք է շարժվի Եվրասիական միության ուղղությամբ, թե՞ ոչ

«Ճիշտն ասած` չեմ ուզում մեկնաբանել, քանի որ հրապարակային հայտարարությունները մի բան են, իսկ իրական` կուլիսային պայմանավորվածությունները` լրիվ այլ բան, հետևաբար՝ դեռ հստակություն չկա այս հարցում: Դեռ ժամանակ կա, որի ընթացքում մեզ համար ինչ-որ բան կարող է հստակեցվել, որից հետո մենք կարծիք կկազմենք այդ հանդիպման դրական կամ բացասական արդյունքների մասին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան» կուսակցության (ՍԴՀԿ) ատենապետ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը` խոսելով օգոստոսի 8-ին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին: Իսկ երբ մենք հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կուլիսային պայմանավորվածությունների մասին է խոսում  ՍԴՀԿ ատենապետը, նա պատասխանեց. «Քանի որ այդ կուլիսային պայմանավորվածությունները դեռ մնում են կուլիսային, և, այսպես ասած, արտահոսք չկա, դեռ որևիցե մեկնաբանություն անիմաստ եմ համարում անել, որովհետև ամեն դեպքում կսխալվեմ, բայց այն, որ Սերժ Սարգսյանի վիճակը ծանր է, տեսանելի է և ակնհայտ, երբ համադրում ես բոլոր փաստերը, այն հայտարարությունները, որոնք հնչեցին Պուտինի կողմից` հիշեցումներ 1 մլրդ տրանսֆերների մասին, և այլն: Ես կարծում եմ, որ բավական ծանր հանդիպում է եղել, և այդքան հեշտ չի լինելու կոնկրետ որոշում կայացնելը, բայց ճնշումը գնալով մեծանալու է: Մեր իշխանությունների հետ ուժային բևեռները խոսում են այլ լեզվով, իսկ մեզ պետք է իշխանություն, որն ունենալով ժողովրդի աջակցությունը՝ կառաջնորդվի ժողովրդի շահերով և ավելի կոնկրետ պայմաններ կարող է դնել: Իսկ հիմա մենք չունենք այդպիսի իշխանություն, որը երբեմն էլ կարողանա ասել՝ ոչ»: Իսկ Պուտինի կողմից հնչեցված «ճանապարհային քարտեզ պատրաստելու» մտքի մասին Լ.Սարգսյանն ասաց. «Նախ` ճանապարհային քարտեզը պետք է հրապարակվի, որպեսզի մենք տեսնենք, թե ի՞նչ քարտեզ է գծված, և ինչքանո՞վ է Հայաստանի համար նպաստավոր այս կամ այն կազմակերպության մեջ մտնելը: Մենք, նախևառաջ, պետք է առաջնորդվենք մեր երկրի շահերով: Երբ կհրապարակվի «ճանապարհային քարտեզը», և կգաղտնազերծվեն կուլիսային պայմանավորվածությունները, այն ժամանակ որոշակի հստակություն կլինի: Ես կարծում եմ` սա այն դեպքն է, որ նույնիսկ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն է լինելու, որովհետև սա մեր պետության հետագա ճակատագրի հարցն է: Շատ դժվար է այսօր որոշել, թե որ ուղղությամբ մենք կարող ենք շահել, հետևաբար` սա այն դեպքն է, երբ պետք է շատ բաց քննարկումներ անցկացվեն, փաստերը ներկայացվեն ժողովրդին, և նույնիսկ՝ հանրաքվե անցկացվի»,- ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

Հ.Գ. Հիշեցնենք, որ այս տարվա մարտին` ՌԴ նախագահական ընտրություններից առաջ, «Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան» կուսակցությունը հայտարարություն էր հրապարակել, որում Ռուսաստանում բնակվող հայությանը կոչ էր անում՝ ընտրություններում իրենց ձայնը տալ «միակ արժանի թեկնածուին` Վլադիմիր Պուտինին»:

 

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս