Բաժիններ՝

Տրանսֆերտների աճի տեմպերը նվազել են

Ըստ բրիտանական Economist Intelligence Unit-ի, թուլացել է հատկապես Ռուսաստանից մասնավոր փոխանցումների աճի տեմպը։

Նշենք, որ Economist Intelligence Unit-ը բրիտանական Economist հանդեսի վերլուծական հավելվածն է։ Հետազոտության հեղինակները գրում են, որ արտերկրում աշխատող հայաստանցիների` հայրենիք ուղարկած գումարների ծավալի աճը 2011 թվականի հունվարից անշեղորեն նվազում է։ Արձանագրելով, որ Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտների մեծ մասը Ռուսաստանից է, EIU-ի մասնագետները կարծիք են հայտնում, որ աճի տեմպերի նվազման այս միտումը նախևառաջ ռուսական տնտեսությունում առկա անկայունության արդյունք է:

Հետազոտության մեջ նշվում է, որ Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների նախաճգնաժամային անկումը հնարավոր եղավ հաղթահարել 2010-ի սկզբին: «Ողջ 2010 թվականի ընթացքում Հայաստան եկող գումարների ծավալն աճում էր։ Սակայն մոտ մեկ տարի առաջ այս դինամիկան սկսեց դանդաղել»,- նշել են Economist-ի վերլուծաբանները:

Ըստ զեկույցի հեղինակների, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան ուղարկվող տրանսֆերտների աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10% է եղել։ Մինչդեռ նախորդ տարի նույն ցուցանիշը 27% էր։

Կարդացեք նաև

Նշենք, որ Economist Intelligence Unit-ի տվյալները համեմատաբար հին են, քանի որ արդեն հայտնի են նաև 2012թ. առաջին կիսամյակի տվյալները։ Դրանց համաձայն, ֆիզիկական անձանց կողմից Ռուսաստանից Հայաստան կատարված փոխանցումները (զուտ ներհոսքը) աճել է 10.8%-ով՝ 430.5 միլիոն դոլարից հասնելով 477.2 միլիոնի։ Իսկ ողջ աշխարհից կատարված նմանատիպ փոխանցումների ծավալը 2012թ. հունվար-հունիսին աճել է 7.9%-ով՝ 493.2 միլիոն դոլարից հասնելով 532.5 միլիոնի։

ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից ոչ առևտրային նպատակով կատարված փոխանցումները 2011-2012թթ. հունվար-հունիսին, մլն դոլար

Լրագրողները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ բրիտանացի մասնագետների այս զեկույցը հրապարակվել է նույն օրը, երբ Մոսկվայում Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանժամանակ խոսում էր Ռուսաստանից Հայաստան ուղարկվող զգալի գումարների մասին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս