
«Փուչիկների գործի» քննությունը կանցկացվի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում

Երևանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի նախընտրական զանգվածային միջոցառման ընթացքում գազալիցքավորված փուչիկների պայթյունի, այսպես կոչված՝ «փուչիկների գործի» քննությունը կանցկացվի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:
«Փաստինֆո» գործակալության թղթակիցը դատավորի գրասենյակից տեղեկացել է, որ գործով դատաքննություն կնշանակվի գործը վարույթ ընդունելու որոշում կայացնելուց հետո՝ օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում:
Հիշեցնենք, որ Երևանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի նախընտրական զանգվածային միջոցառման ընթացքում գազալիցքավորված փուչիկների պայթյունի հետևանքով այրվածքներ էին ստացել և տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 անձինք:
Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաև նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:
Փուչիկները լիցքավորած անձին` Սերոբ Բոզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի երկրորդ մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը: