Սերժ Թանկյանը տեսաուղերձ է հղել՝ ի պաշտպանություն Թեղուտի անտառի

System of A Down ռոք խմբի և «Արդարության առանցք» (Axis of Justice) հասարակական կազմակերպության հիմնադիր Սերժ Թանկյանը ուղերձ է հղել ի պաշտպանություն Թեղուտի, որը ներկայացնում ենք ստորև.

«Խնդիրը, որը ներկայացնում եմ՝ Թեղուտի անտառն է: 2011թ. Հայաստան կատարած իմ առաջին այցելության ժամանակ եղա նաև Լոռու մարզում: Ես տեսա տեղի հրաշալի բնություը, տեսա վեր խոյացող անտառը, որ դեռ կանգուն էր: Երկու տարվա ընթացքում շատ բան է փոխվել: Պարզվում է, Թեղուտը՝ Հայաստանի վերջին և ամենալավ պահպանված անտառներից մեկը, կանգնած է իսպառ վերացման վտանգի առջև: Պատճառը բաց եղանակով մետաղական հանքի պլանավորվող շահագործումն է, որի արդյունքում առաջանալու են 500 միլիոն տոննա խիստ թունավոր թափոններով պոչամբար, և 600 միլիոն տոննա այլ թափոններ:

Հետևանքները. Թեղուտի անտառը խիտ սաղարթով ծառերով, գետերով, հազվագյուտ բուսատեսակներով և կենդանատեսակներով մի բացառիկ էկոհամակարգ է, որը ներկայումս գտնվում է մեկընդմիշտ կործանման եզրին: Այս սքանչելի ազգային հրաշալիքն այսօր կանգնած է էկոլոգիական մեռյալ գոտու վերածվելու վտանգի առջև, որի ազդեցությունն առկա է լինելու հարյուրամյակների, եթե ոչ հազարամյակների ընթացքում:

Արդարացումը. Հանքավայրը շահագործող ընկերությունն ու նրանք, ովքեր կողմ են հանքի բացմանը, պատճառաբանում են, թե դրա արդյունքում երկիրը տնտեսական աճ կարձանագրի, իսկ տեղի աշխատողների կյանքը կդառնա ավելի բարեկեցիկ:

Կարդացեք նաև

Իրականությունը. Ներկայումս Հայաստանի մոտ 500 հանքերից, որոնց թիվը շարունակաբար աճում է, երկիրը դեռևս էական եկամուտներ չի ստանում, և հանքարդյունաբերությունը զգալի, երկարաժամկետ դրական ազդեցություն չի ունեցել հանքավայրերում աշխատող բանվորների կենսամակարդակի վրա: Ինչ վերաբերում է Թեղուտի անտառին, ապա այստեղ հանքավայրում աշխատողների մեծ մասը պետք է լինեն տեղի մոտ 360 բնակիչներից: Վերջիններս անգիտակցաբար վտանգում են ոչ միայն իրենց կյանքն ու առողջությունը, այլ նաև իրենց երեխաների, թոռների և եկող սերունդների: Եվ այս ամենն ընդամենը ամսական մոտ 150 դոլար եկամտի համար: Հանքավայրի շահագործման նախագծի համաձայն՝ հանքի շահագործումը տևելու է 25-30 տարի: Իսկ Թեղուտի անտառի գեղեցկությունը մենք կորցնելու ենք հազարամյակներով:

Այլընտրանքը. Բաց եղանակով հանքի շահագործումը կանխելու, կամ ավելի ճիշտ դադարեցնելու համար, չափազանց կարևոր է այդ շրջանի համար եկամտի այլընտրանքային աղբյուրներ գտնելը: Շրջանը գյուղատնտեսական առումով չափազանց բարեբեր է: Ակնհայտ է, որ գյուղատնտեսությամբ զբաղվելն ավելի նպատակահարմար է շրջանի և առհասարակ երկրի համար, թե տնտեսական և թե էկոլոգիական առումով: Այն գործարարները, ովքեր իսկապես շահագրգռված են Հայաստանի երկարաժամկետ զարգացմամբ, պետք է ուսումնասիրեն Թեղուտը գյուղատնտեսութան զարգացման հնարավորությունների և ոչ թանկարժեք մետաղների որոնման նպատակով, և ներդրումներ կատարեն կոլեկտիվ տնտեսությունների և փոքր բիզնեսի ստեղծման մեջ: Ի վերջո, ոչինչ այնքան կարևոր չէ, որքան շրջակա միջավայրը, գալիք սերունդների առողջությունն ու բարեկեցությունը:

Տեսանյութեր

Լրահոս