««Ճանապարհային քարտեզը» վերաբերում է Եվրասիական մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ժամանակացույցին»

168.amի հետ զրույցում՝ մեկնաբանելով Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո ստացված պաշտոնական հաղորդագրությունը, թե երկու երկրների միջև տնտեսական ոլորտում մշակվելու է զարգացման ծրագիր մինչև 2020թ. և պատրաստելու է «ճանապարհային քարտեզ», «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանն ասաց. «Այդ տերմինը շրջանառության մեջ է դրել ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, ով նշել էր, որ Սերժ Սարգսյանը ռուսական կողմին խնդրել էր ներկայացնել Եվրասիական միության տարբեր ինստիտուտների ձևավորման և անդամակցության ճանապարհային քարտեզը»:

Ըստ Ս. Սաֆարյանի՝ ծրագիրը, որը պետք է քննարկվի գործարար շրջանակների կողմից, հայ-ռուսական համատեղ միջոցառումն է, որը մինչև 2020թ. պետք է կանխորոշի Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները և պետք է ներկայացվի միջկառավարական հանձնաժողովի հաստատմանը:

«Այս պահի դրությամբ, ինչպես ազդարարել է ՀՀ վարչապետը ՌԴ Պետդումայի նախագահ Նարիշկինի հետ հանդիպման ժամանակ, ծրագրի նախագիծը պատրաստ է, սակայն հասկանալի է, որ այդ ծրագրում դեռևս շատ բաներ հստակեցված չեն այն պարզ պատճառով, որ եթե հայկական կողմն ակնկալում է ռուսական ներդրումների ավելացում, վարկային միջոցներ Ռուսաստանի կողմից, մյուս կողմից` Ռուսաստանը ցանկանում է դրա դիմաց ստանալ անդամակցելու Երևանի համաձայնությունը: Այսինքն` մինչև այս խնդիրը չլուծվի, մնացած հարցերում հստակություններ չեն լինի: Եթե ամեն ինչ տեղափոխվել է աշուն, սա նշանակում է, որ հիմնական համաձայնությունները դեռևս կայացված չեն, և Մոսկվայի և Երևանի համար ամենացանկալի հարցերի պատասխանները կտրվեն աշնանը»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում կայացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում Վ.Պուտինն հայտարարել է, թե աշնանը նախատեսված է ռուս և հայ գործընկերների հանդիպումը:

«Նրանց առջև դրված է շատ ճիշտ խնդիր` մշակել տնտեսական ոլորտում 2 երկրների միջև մինչև 2020թ. զարգացման ծրագիրն ու պատրաստել ճանապարհային քարտեզ»,- նշել է ՌԴ նախագահը:

 


Տեսանյութեր

Լրահոս