Կայացել է Պուտին-Սարգսյան հանդիպումը (տեսանյութ)

Ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովը ձևավորվել է և առաջին նիստը կանցկացնի այս տարվա աշնանը: Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, Մոսկվայում ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ այսօր կայացած հանդիպմանը:  (Հանդիպման տեսանյութը դիտել այստեղ)

«Աշնանը նախատեսված է ռուս և հայ գործընկերների հանդիպումը: Նրանց առջև դրված է շատ ճիշտ խնդիր` մշակել  տնտեսական ոլորտում 2 երկրների միջև մինչև 2020թ. զարգացման ծրագիրն ու պատրաստել ճանապարհային քարտեզ»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով` ռուսական կողմից հանձնաժողովը կգլխավորի Տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:

Պուտինը նշել է, որ 2011թ.-ին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 1 մլրդ դոլար, իսկ այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել 32%-ով:

Բացի այդ, ըստ Պուտինի, Ռուսաստանում աշխատող Հայաստանի քաղաքացիներն իրենց ընտանիքներին են ուղարկում տարեկան մոտ 1 մլրդ դոլար, ինչը կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի զգալի մասը:

Իր հերթին, Հայաստանի նախագահն ընդգծել է, որ 1 մլրդ դոլարն ապրանքաշրջանառության գագաթնակետը չէ:
«Առաջիկա 2-3 տարիներին ապրանքաշրջանառությունը կարելի կլինի կրկնապատկել կամ նույնիսկ եռապատկել»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա նաև ընդգծել է երկու երկրների միջև ռազմատեխնիկական ոլորտում հաջող համագործակցությունը: «Մենք երկարաձգեցինք Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը: Գտնում ենք, որ Հայաստանում ռուսական ռազմաբազայի առկայությունը մեր անվտանգության շահերից է բխում»,- ասել է ՀՀ նախագահը:

Նա հավելել է, որ աշնանը ՀԱՊԿ շրջանակում Հայաստանում կանցկացվեն զորավարժություններ:

Տեսանյութեր

Լրահոս