Բաժիններ՝

Գազի գնի շուրջ Հայաստանն ու Ռուսաստանը համաձայնության են եկել

Ռուսաստանը և Հայաստանը համաձայնության են եկել գազի գնի շուրջ: Այս մասին հայտնել է Մոսկվայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որի խոսքերը մեջբերում է «Կոմերսանտը»:
«Այսօր մենք խոսել ենք կարևոր թեմայի՝ Հայաստան մատակարարվող գազի գնի շուրջ: Կարծում եմ, որ փոխհամաձայնության ենք եկել դրա ձևավորման սկզբունքների շուրջ: Այն պետք է բխի գազի իրական շուկայական գնից՝ բազմապատկված կամ բաժանված, ինչպես ուզում եք, Հայաստանին բնական գազով ապահովելու համար՝ ըստ տարածաշրջանում համադրելի գների և սակագների՝ պահպանելով նրա (Հայաստանի) տնտեսության արդյունավետությունը»,- հայտարարել է Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո:
Հուլիսի սկզբին հայաստանյան ԶԼՄ-ներում տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ հոկտեմբերի 1-ից ռուսական գազի գինը կարող է բարձրանալ, հիշեցնում է այսօր ռուսաստանյան «Կոմերսանտը», հավելելով, որ այժմ Հայաստանը «Գազպրոմին» 1000 խմ գազի համար 180 դոլար է վճարում, և գազի գնի բարձրացում էր նախատեսվում ապրիլի մեկից:
Ռուսաստանյան պարբերականը այնուհետև հիշեցնում է, որ այս առիթով անգամ ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Facebook սոցիալական ցանցում գրել էր, թե արդեն գազի գինը բարձրացել է 60 դոլարով, և որ Հայաստանի իշխանություններն իբր առայժմ լռում են այդ մասին: Իսկ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ավելի ուշ հավաստիացրել էր, որ որևէ գաղտնի պայմանավորվածություն չկա, գրել է «Կոմերսանտը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս