«Հեռուստասերիալում նկարահանվելն էլ է նորմալ աշխատանք» (լուսանկարներ)

168.am-ին տված հարցազրույցում ասաց «Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալի դերասանուհի Ռուզաննա Սերոբյանը

Ռուզաննա, ի՞նչ դժվարությունների ես հանդիպել մասնագիտության ընտրության ճանապարհին:

– Դեռ փոքրուց որոշել էի, որ պետք է ընդունվեմ Թատերական ինստիտուտ, սակայն արդեն դպրոցն ավարտելիս՝ ծնողներս դեմ էին դրան: Երբ սովորում էի ռեժիսուրայի բաժնում, հենց առաջին կուրսից գովազդում նկարահանվելու առաջարկ ստացա: Չնայած ծնողներս ասում էին, որ դա իմ առաջին և վերջին նկարահանումը կլինի, բայց եղավ երկրորդ առաջարկը, այնուհետև՝ երրորդը, և աստիճանաբար մուտք գործեցի իմ նախընտրած ոլորտ: Ի վերջո, ծնողներս համակերպվեցին այդ փաստի հետ, և արդեն իրենք սկսեցին աջակցել, որպեսզի շարունակեմ գործունեությունս ինձ հոգեհարազատ մասնագիտությամբ: Ես այդ ամենին հասել եմ սեփական ուժերով, իմ ձգտումների շնորհիվ` առանց որևէ ծանոթի կամ միջնորդի:

Ըստ քեզ՝ ի՞նչ ձեռքբերումներ ես ունեցել մասնագիտական բնագավառում:

Կարդացեք նաև

– Առաջինը «Բնակարան համար 2» սերիալի նկարահանումն էր, որը մեծ ձեռքբերում էր, քանի որ այն ժամանակ ընդամենը 17 տարեկան էի: Հետո առաջարկ ստացա «Հաջողակը» հեռուստասերիալից, որտեղ նկարահանվեցի մի քանի սերիայում, դրանից հետո նկարահանվեցի «Ո՞ւ ր է իմ տղամարդը» հեռուստասերիալի մի քանի սերիայում, այնուհետև՝ «Կարգին սերիալում»: Վերջինը մասնակցել եմ «Հրեշտակների դպրոցը» սերիալի նկարահանումներին, որտեղ մարմնավորել եմ Էլենի կերպարը: Կարծում եմ, որ այս վերջին սերիալն ինձ ավելի շատ ճանաչում բերեց:

Աղջիկների համար հայկական շոուբիզնեսում կայանալը դժվա՞ր է:

– Անկախ նրանից` աղջի՞կ ես, թե՞ տղա, հայկական շոո- բիզնեսում սեփական ուժերով կայանալը դժվար է: Իսկ աղջիկների համար այն առումով է դժվար, որ մարդիկ դեռ չեն կարողանում տեսնել մարմնավորած հերոսուհու և այդ դերը մարմնավորող աղջկա էական տարբերությունը: Այդ իսկ պատճառով մարդու մասին կարծիք են կազմում իր մարմնավորած կերպարով: Հենց նայում են հեռուստաէկրանին, ինչ կերպարում որ քեզ տեսնում են, ուղղակի մտածում են, որ դու` որպես մարդ, այնպիսին ես, ինչպիսին երևում ես հեռուստաէկրանից, ու էլ չեն մտածում` արդյո՞ք լավ ես մարմնավորում տվյալ կերպարը, թե՞ ոչ:

– Ի՞նչ ծրագրեր ունես առաջիկայում:

– Ընդունվել թատերական ինստիտուտ, որպեսզի ավելի կայանամ իմ մասնագիտության մեջ: Ես կարծում եմ, եթե ինչ-որ բանով զբաղվում եմ` կամ պետք է շատ լավ անեմ, կամ ընդհանրապես չանեմ: Հատկապես, որ աշխատում եմ հանրության համար, և ինձ նայում են հազարավոր մարդիկ: Իսկ քանի որ սերիալն արտացոլում է իրականությունը, պետք է այնպես անեմ, որ մարդիկ էլ ընկալեն իրականության նման, և այլ տպավորություն չստեղծվի. ես պետք է իմ խաղով համոզեմ հեռուստադիտողին:

Իսկ ի՞նչ կարծիքի ես վերջերս սերիալների դեմ բարձրացած համընդհանուր բողոքի մասին:

– Այդպես ճիշտ չէ, որովհետև ես գտնում եմ, որ դերասանի համար դա էլ է նորմալ աշխատանք: Ուղղակի ամեն ինչ բոլորի (սցենարիստի, ռեժիսորի, դերասանի) կողմից պետք է արվի որակով:

Իսկ եղե՞լ են նկարահանման առաջարկներ, որոնք մերժել ես:

– Շատ-շատ են եղել: Մերժել եմ նաև գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ:

  • Ռուզաննայի սիրած դերասաններն են՝ Ռոբերտ դե Նիրոն, Էնդի Գարսիան, Ջեք Նիկոլսոնը, Արտաշես Ալեքսանյանը, Մհեր Մկրտչյանը, Արմեն Ջիգարխանյանը, Վախթանգ Կիկաբիձեն:
  • Սիրած ֆիլմը` «Մոդիլյանի», «Թռիչք կկվի բնի վրայով», «Թակել ամպերի դուռը»:
  • Սիրած երգչուհին` Իրինա Ալեգրովա
  • Սիրած երգիչները` Ջո Կոկեր, Ստիվի, Գարի Մուր, Ռեյ Չարլզ

Ռուզաննա Սերոբյանը ծնվել է 1991 թվականին, 2011 թվականին ավարտել է Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայի ռեժիսուրայի բաժինը:

 

Տեսանյութեր

Լրահոս