Վանո Սիրադեղյանի պատմվածքների հիման վրա ֆիլմեր կնկարահանվեն (լուսանկարներ)

Կինոռեժիսոր Մովսես Գասպարյանը պատրաստվում է գրող Վանո Սիրադեղյանի «Ծանր լույս» ժողովածուից երկու պատմվածքների հիման վրա կարճամետրաժ ֆիլմեր նկարահանել: Ներկայումս ստեղծագործական խումբը նախապատրաստական փուլում է, այդ աշխատանքներն ավարտելուն պես կսկսվեն «Բուքը, երգը և երեխան» պատմվածքի հիման վրա գրված սցենարով նկարահանումները:  Երկրորդ պատմվածքը, որը նկարահանելու համար ընտրել է կինոռեժիսորը՝ «Գառնուկ ախպերն» է: «Այս պատմվածքներն ինձ համար իսկական հոգևոր ներուժի աղբյուր են: «Ծանր լույս» ժողովածուն իմ նախասիրությունն է: Ես այս պահին ազատ էի և աշխատանք չունեի: Ընկերներս առաջարկեցին ֆիլմ նկարահանել, ովքեր պատրաստ էին ֆինանսապես աջակցել, և ես ընտրեցի այս երկու խորը պատմվածքները»,-  168.am-ին տված հարցազրույցում նշեց Մ. Գասպարյանը` հավելելով, որ լրատվամիջոցներով տարածված այն տեղեկատվությունը՝ իբր ֆիլմերի նկարահանման պատվիրատուն «Շանթ» հեռուստաընկերությունն է՝ բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:

Մ. Գասպարյանը հավաստիացնում է, որ Վ. Սիրադեղյանի պատմվածքների հիման վրա նկարահանվող կարճամետրաժ ֆիլմերը կոմերցիոն բնույթ չեն կրելու, հետևաբար՝ դրանք զուտ փառատոնային արվեստի ստեղծագործություններ են լինելու. «Ընկերներս հոգուս համար ինչ-որ բան անելու հնարավորություն պարգևեցին. դա երևի հրաշք է: Այս պատմվածքները՝ որպես մետաֆոր, ծառայում են իմ մտքի արտահայտմանը: Այսինքն` այն, ինչ ես ուզում եմ ասել, կարծես ասվել է հեղինակի կողմից շատ վաղուց: Այս գործերին ծանոթ եմ 1988 թվականից, երբ բանակից նոր էի վերադարձել: Հատկապես «Բուքը, երգը և երեխան» և «Գառնուկ ախպերը» պատմվածքներից շատ տպավորվեցի: Այդ ժամանակ մթի, ցրտի և անելանելի վիճակը բացահայտ չէր, հավանաբար՝ պատմվածքի հերոսի` երեխայի հոգեվիճակը ենթագիտակցաբար ինձ մոտ ֆիքսվել էր»:

Կինոռեժիսորը վստահեցնում է, որ այդ պատմվածքների հիման վրա ֆիլմեր ստեղծելու ցանկություն ունեցել է դեռևս ուսանողական տարիքից, քանի որ այդ նյութերը հանդիսացել են իր գաղափարների փոխաբերական լուծման մեխանիզմ:

Մ. Գասպարյանը շուտով կդիմի Վ. Սիրադեղյանի ընտանիքին` նրա պատմվածքների հիման վրա ֆիլմերի նկարահանման աշխատանքները սկսելու իրավունքը ստանալու համար: «Շուտով սցենարը պատրաստ կլինի, և կփորձեմ Վ. Սիրադեղյանի ընտանիքի հետ քննարկել, թե մասնավորապես ես ինչ էսթետիկայով եմ ցանկանում լուծել խնդիրը և ինչու եմ ես ուզում դա անել: Երբ սցենարն ամբողջ տեսքով որպես փաստաթուղթ լինի` կքննարկեմ իրենց հետ, որպեսզի նաև հասկանալի լինի, որ ես ոչինչ չեմ աղավաղում: Միանշանակ հեղինակային իրավունքների հարցը պատշաճ կերպով կքննարկվի»,- վստահեցնում է կինոռեժիսոր Մ. Գասպարյանը` հավելելով, որ ֆիլմերը շատ թանձր բովանդակություն ունեցող ստեղծագործություններ են լինելու, որտեղ նկարագրվելու են հոգեվիճակներ, վերապրած տպավորություններ, և այդ ամենն արվելու է այլախոհական կոնտեքստով:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Մ. Գասպարյանի վերջին ֆիլմերից մեկն էլ «Ջավախք կամ ինչի մասին է լռում պատմությունը» ֆիլմն է, որն ամփոփում է Ջավախքի ամբողջ պատմությունը: Այդ ֆիլմը կարծես հայոց պատմության մանրանկարը լինի, այն անցած ուղիների, պայքարի, ազատագրման և այլ ակնարկների հակասությունների մասին է:

Հ.Գ. Լուսանկարները կինոռեժիսորի՝ «Ջավախք կամ ինչի մասին է լռում պատմությունը» ֆիլմից են:

Տեսանյութեր

Լրահոս