«Չի կարելի փողոցից մարդկանց բռնել-բերել հեռուստասերիալային աշխարհ»

Դերասանուհի Անի Պետրոսյանը սովորել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Այնուհետև ուսումը շարունակել է Թատերական ինստիտուտում և աշխատել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Դերասանուհին թատրոնում խաղացել է Ալեքսանդր Օստրովսկու «Ամպրոպը» պիեսի հերոսուհու դերը: «Ուսանողական տարիներին ներսումս բեմից վախ է եղել, և հենց երրորդ զանգից հետո ասում էին` սկսվում է ներկայացումը, սարսուռ էր անցնում մարմնովս, բայց բեմ դուրս գալուց հետ ամեն ինչ անցնում էր»,- պատմում է Անին: Դերասանուհին հեռուստատեսություն մուտք է գործել շատ երիտասարդ տարիքից: Սկսել է համագործակցել «Ֆոկուս» ստուդիայի հետ, որի տնօրենն ու պրոդյուսերն էր Սուրեն Թադևոսյանը:

«Ընկերներիս խնդրանքով մասնակցեցի վիդեոփորձարկումներին:Ճիշտն ասած` չէի սիրում հեռուստատեսային աշխարհը, իմ ամենասիրելի վայրը բեմն էր: Օրերից մի օր զանգ ստացա ստուդիայից, ասացին, որ անցել եմ այդ փորձությունը: Ես զարմացա, որովհետև այն մարդիկ, ովքեր գնացել էին վիդեոփորձարկումներն անցնելու լուրջ նպատակով, փաստորեն չէին անցել, իսկ ես անցել էի»: Անին դերերով հանդես է եկել բազմաթիվ ֆիլմերում: Առաջին գեղարվեստական ֆիլմը, որում նա նկարահանվել է` «Մեծ պատմություն փոքր քաղաքումն» էր: «Այդ ֆիլմի վիդեոփորձարկմանը մասնակցելիս հույս չունեի, որ կանցնեմ, և դրանից մի քանի օր հետո մեկնելու էինք Մոսկվա` ներկայացում խաղալու: Հիշում եմ, քնած էի, և մայրս արթնացրեց` ասելով, որ նկարահանվելու եմ գեղարվեստական ֆիլմում: Հուզմունքս շատ մեծ էր, քանի որ դեռ ուսանող էի և այդ տարիքում չէի կարող պատկերացնել, որ կնկարահանվեմ գեղարվեստական ֆիլմում»:

Անին տարիներ առաջ որոշում է կայացնում հեռուստասերիալում խաղալ: «Ինձնից տարիքով մեծ մարդիկ ուզում էին ետ պահել ինձ այդ մտքից, որպեսզի չնկարահանվեի «Դժբախտ երջանկություն» հեռուստանովելի մեջ, բայց իմ որոշումը, միշտ, մնում է որոշում»,- պատմում է Անին: Դերասանուհու խոսքով` «Դժբախտ երջանկություն» հեռուստասերիալն իրեն հաջողություն է բերել, չնայած՝ նա այդ սերիալում բացասական աղջկա կերպար էր մարմնավորում:

Կարդացեք նաև

Այնուհետև դերասանուհին նկարահանվում է «Պահանջվում է միլիոնատեր» կատակերգական ժանրի ֆիլմում, որը «Շարմ Հոլդինգի» ու «Արմենիա» հեռուստաընկերության համատեղ նախագիծն է: Ֆիլմի ռեժիսորն է Դավիթ Բաբախանյանը, գլխավոր պրոդյուսերը` Ռուբեն Ջաղինյանը: Անին այս ֆիլմում սկսել է նկարահանվել Դավիթ Բաբախանյանի հրավերով: Ընդ որում, այդ նույն ժամանակաշրջանում Անին նկարահանվում էր նաև «Ուր է իմ տղամարդը» հեռուստասերիալում:

Անին նկարահանվել է նաև «Փեսացուն կրկեսից» արկածային կինոկատակերգական ֆիլմում. «Մարմնավորել եմ Շամիրամի կերպարը: Չնայած, որ շատերն ինձ սկզբում, իմանալով, որ Շամիրամի դերում եմ հանդես գալու, ասում էին` «Դու Շամիրամ չես», բայց խաղալուց հետո մարդիկ հուզված գալիս և ողջունում էին գեղեցիկ և հուզիչ խաղի համար»: Հիշեցնենք, որ «Փեսացուն կրկեսից» ֆիլմում հանդես էին գալիս դերասաններ Հովհաննես Ազոյանը, Սերժ Ավետիքյանը, Ռոզի Ավետիսովան, Վիվիեն Բաստաջյանը, Սամվել Սարգսյանը, Նարեկ Դուրյանը, Սոս Ջանիբեկյանը, Անի Պետրոսյանը և ուրիշներ:

Այժմ Անի Պետրոսյանը նկարահանվում է գեղարվեստական`«Սիրո պոկեր», արկածային կատակերգական ժանրի նոր ֆիլմում` Վիկայի դերում: Ֆիլմը ստեղծվում է «Պահանջվում է միլիոնատեր» և «Փեսացուն կրկեսից» ֆիլմերի ստեղծագործական և պրոդյուսերական կազմի նախագծով: Ֆիլմի նկարահանումներն, ըստ սցենարի, իրականացվել են Հայաստանում և Վրաստանում: «Սիրո պոկերի» ռեժիսորը Դ. Բաբախանյանն է, գլխավոր պրոդյուսերը` Ռ. Ջաղինյանը, գործադիր պրոդյուսերը` Արմեն Համբարձումյանը: Սցենարի հեղինակներն են Աշոտ Աբրահամյանը, Դավիթ Բաբախանյանն ու Ռուբեն Ջաղինյանը: Ֆիլմը Երևանի կինոթատրոններում կցուցադրվի հոկտեմբերին: Ֆիլմի դերասանական կազմում են Հովհաննես Ազոյանը, Միշոն, Անի Պետրոսյանը, Լիկա Էլբակյանը, Խորեն Լևոնյանը, Արտաշես Ալեքսանյանը, և այլք:

Դերասանուհի Անի Պետրոսյանի կարծիքը հայկական հեռուստասերիալների, դրանցում ընդգրկված դերակատարների, կանանց նկատմամբ բռնության տեսարանների մասին` միանշանակ չէ: Այն հարցին, թե դերասանուհին ի՞նչ է մտածում այն ակցիաների շուրջ, որոնք կազմակերպվում են Երևանում` ընդդեմ անորակ հեռուստասերիալների, Անին պատասխանեց. «Ինձ մտահոգում է այն, թե ինչո՞ւ են մարդիկ թողնում իրենց մասնագիտությունը և գալիս-ներխուժում են դերասանական աշխարհ` դրանով իսկ գցելով դերասանի վարկանիշը: Դեմ եմ, որ փողոցից մարդկանց բռնում և բերում են հեռուստասերիալային աշխարհ: Եվ պետք չէ ամեն անգամ հեռուստատեսությամբ բռնություն ցույց տալ: Իհարկե, նաև կարևոր մի հանգամանք կցանկանամ նշել` չի կարելի բոլոր դերասաններին նույն աչքերով նայել»:

Ի դեպ, դերասանուհի Անի Պետրոսյանը մեզ հետ զրույցում կիսվեց իր հոգու գաղտնիքներով: Պարզվում է` Անիի մայրը դերասանուհի է եղել. «Մայրս դերասանուհի էր, ծնվել եմ Գյումրիում և մոտ ութ տարի ապրել եմ այնտեղ: Մայրս աշխատել է Վարդան Աճեմյանի անվան թատրոնում: Չէի սիրում, երբ մայրս զբաղվում էր այդ աշխատանքով, և շատ էի կարոտում մայրիկիս: Երբ գալիս էի տուն` մայրս այդ ժամանակ նոր գնում էր աշխատանքի, քնելուց գրկում էի մայրիկիս հագուստներից մեկը ու քնում էի»: Անին մեր զրույցի ընթացքում հիշեց նաև Թատերական ինստիտուտ իր ընդունելության տարիները. «Հիշում եմ` քննություններից մեկի ժամանակ դերասան Սոս Սարգսյանն ասաց. «Դու ջրահարս ես», ուրախությանս և ոգևորությանս սահման չկար այդ ժամանակ»:

 

Տեսանյութեր

Լրահոս