Հայիթի, Հայիթի…

Հայաստանում գործող վերահսկիչ-վերստուգիչ բազբաթիվ մարմինները ժամանակ-առ ժամանակ ուսումնասիրություններ են իրականացնում տարբեր ոլորտի պետական գերատեսչություններում, «հայտնաբերում», ասենք, մի քանի տասնյակ հազար դրամ կաշառք վերցրած կամ պաշտոնական դիրքի չարաշահման միջոցով մի քանի հարյոր հազար դրամ յուրացրած որևէ միջին կարգի պաշտոնյաների: Նման դեպքերը լայնորեն լուսաբանվում են հեռուստատեսությամբ, պաշտոնական քարոզչությունը դրանք ներկայացնում է որպես կոռուպցիայի կամ պետական միջոցների վատնման դեմ պայքարի հաջողված օրինակներ:

Հետաքրքիր է` իսկ ինչո՞ւ վերստուգիչ որևէ կառույցի մտքով չի անցնում երբեմն նման  ուսումնասիրություններ անցկացնել կառավարման համակարգում «արտոնյալ» համարվող ոլորտներում, ինչպիսին է, ասենք, արտաքին գործերի նախարարությունը: Քավ լիցի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պարկեշտ նկարագիրը կասկածի չենք ենթարկում և անգամ չենք համարձակվում մտածել կոռուպցիայի մասին: Բայց գոնե պետական միջոցների վատնման, կամ ավելի մեղմ ասած` անարդյունավետ օգտագործման մասին գոնե կարելի է մտածել: Օրինակ, այսօր ՀՀ արգործնախարար Էդուարդ Նալբանդյանը մեկ շաբաթյա այցով մեկնում է Ինդոնեզիա, Նոր Զելանդիա, Ավստրալիա և Ֆիլիպիններ: Այդ մասին տեղեկանում ենք ոչ թե ինչ-որ երգիծական հանդեսից, այլ ՀՀ Արտգործնախարարության տարածած հաղորդագրությունից:

«Ասիա-խաղաղօվկիանոսյան երկրներում նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները վերոհիշյալ պետությունների  բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հարցեր»- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Այս հաղորդագրությունը զավեշտալի է դառնում հատկապես այն դեպքում, երբ հիշում ենք Հայաստանում ու Հայաստանի շուրջ այս օրերին կատարվող իրադարձությունները: Իրավիճակը Սիրիայում գնալով սրվում է, ամեն օր բախումների արդյունքում զոհերի թիվն ավելանում է (զոհերի թվում արդեն երկու հայ կա), Հայաստանը չի կարողանում պատշաճ կերպով կազմակերպել բազմահազարնոց սիրիահայ համայնքի ներկայացուցիչների գոնե մի մասի տեղափոխումը Հայրենիք, միջազգային լրատվամիջոնցերը չեն դադարում քննարկել մեր անմիջական Իրանում հնարավոր լարումների մասին…

Կարդացեք նաև

Մյուս կողմից, այսօր նախագահ Սերժ Սարգսյանը մեկնում է Ռուսաստան` կապված Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցի` Եվրասիական միությանն անդամակցության հետ: Բոլորը խոսում են, որ Ս. Սարգսյանին Մոսկվայում դժվարին հանդիպում է սպասվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ…Այս պայմաններում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մեկնում է…Ասիա-խաղաղօվկիանոսյան երկրներ: Հայաստանի դիվանագիտական կորպուսում հազիվ թե գտնվի որևէ մեկը, ով կկարողանա հիմնավորել ՀՀ արտգործնախարարի,  ասենք, Ինդոնեզիա կամ Ֆիլիպիններ կատարելիք այցի անհրաժեշտությունը: Էկզոտիկ այս երկրները համաշխարհային քաղաքականության մեջ որևէ նշանակալի դերակատարում չունեն, հաստատ որևէ կերպ չեն ազդում ղարաբաղյան հակամարտության կարգավորման, հայ-թուրքայան հարաբերությունների և Հայաստանի հետ կապ ունեցող որևէ խնդրի հետ: Իսկ գուցե նշված երկրների հետ Հայաստանն ունի այնպիսի խորը առևտրատնտեսական հարաբերություններ, որ արտգործնախարարն անձա՞մբ է մեկնում դրանք խորացնելու համար:

Հայաստանի արտաքին առևտրի կառուցվածքում, սակայն, այս պետությունները ունեն չնչին, ծիծաղելի մասնաբաժին:

Ամենայն հավանականությամբ Էդվարդ Նալբանդյանը ծանրաբեռնված աշխատանքից այս տարի ցանկանում է հանգստանալ էկզոտիկ երկրներում ու որոշել է հաճելին համատեղել օգտակարի հետ: Թե որքա՞ն գումար է պետական բյուջեից ծախսվելու այդ նպատակով, կարևոր չէ: Կարևորը` հայ-ինդոնեզիական դարավոր հարաբերությունների ամրապնդումն է:

 

 

Տեսանյութեր

Լրահոս