ՀՀԿ-ն պաշտպանում է ռեժիմին չընդդիմացող ԲՀԿ-ականին

«ՏԻՄ ընտրություններին գնում ենք ոչ թե այն մոտեցմամբ, որ թեկնածուն պարտադիր հանրապետական պետք է լինի, այլ որ թեկնածուները մոտ լինեն ժողովրդի ցանկություններին, և ավելի բարձր գնահատված լինեն ժողովրդի կողմից: Մեր վերլուծություններով, Բալասանյանը բավականին ձայներ ունի Գյումրիում», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` վերահաստատելով, որ Գյումրիի քաղաքապետի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Սամվել Բալասանյանին սատարելու դիրքորոշումը:  Նա ասել է, որ Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը իրենց հետ չի քննարկել սեփական թեկնածությունն առաջադրելու հարցը. «Չեմ կարծում, որ Վարդան Ղուկասյանը կինքնաառաջադրվի: Նման շշուկներ էլ չունենք, որ պիտի առաջադրվի: Համենայնդեպս մեր մոտեցումը Գյումրիի նկատմամբ արդեն իսկ ձևավորված է»:
Հարցին, թե եթե Վարդան Ղուկասյանը, այնուամենայնիվ, դեմ գնալով կուսակցության դիրքորոշմանը, պայքարի քաղաքապետի պաշտոնը չկորցնելու համար, ինչ կանի Հանրապետականը, Սահակյանը պատասխանել. «Երբ նման իրավիճակ կստեղծվի, կուսակցությունը կորոշի, թե ինչպես վերաբերվի: Կուսակցության մարմինները կքննարկեն, իրավիճակից ելնելով որոշումներ կկայացնեն»:

Իսկ «Բարգավաճ Հայաստանը» ձեռնպահ է մնում Սամվել Բալասանյանին իշխող կուսակցության կողմից ակնկալվող աջակցությանը գնահատական տալուց: ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասել է, թե դա Հանրապետականի որոշելիքն է` պնդելով, որ իշխող կուսակցության հետ որևէ պայմանավորվածություն իրենք չունեն. «Որևէ քաղաքական ուժի հետ որեւէ պայմանավորվածություն որևէ համայնքում համատեղ առաջադրումների մասին չկա: Եթե կլինեն քաղաքական ուժեր, որ այս կամ այն համայնքում կսատարեն մեր թեկնածուին, այստեղ որևէ խնդիր ես չեմ տեսնում»:
Հայ ազգային կոնգրեսն էլ նման իրավիճակում մտադիր չէ Գյումրիում աջակցել որևէ թեկնածուի, կամ հանդես գալ սեփական թեկնածուով:

«Գյումրիում իմաստ կլիներ պաշտպանել որևէ թեկնածուի, եթե այդ թեկնածուն ընդդիմանար գործող ռեժիմի թեկնածուին: Եթե Սամվել Բալասանյանին պիտի պաշտպանի Հանրապետականը, այդտեղից, բնականաբար, մենք եզրակացություն ենք անելու, որ չենք կարող պատշպանել իշխանության, ռեժիմի կողմից պաշտպանվող թեկնածուին»,- ասել է Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը:

Հիշեցնենք, որ թեկնածուների առաջադրման ժամնեկտը լրանում է օգոստոսի 10-ին, իսկ ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրել է, որ կուսակցությունը Գյումրիում սեփական թեկնածուի առաջադրման հարց չի քննարկել:

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս