Սկսվել են Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները (տեսանյութ)

Հայաստանի Լոռու մարզի Օձուն գյուղում սկսվել է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու (VI դ.) վերականգնումը: Նախագիծն իրականացվում է մասնավոր միջոցներով` համաձայն հուշագրի, որ ստորագրվել է Հայ Առաքելական Եկեղեցու, ՀՀ Մշակույթի նախարարության և  «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամի միջև: Վերականգնումը կատարում  է «ԼևԳուկ» մասնագիտացված ընկերությունը, որը մայիսին ճանաչվեց մրցույթի հաղթող:

Ներկայումս Օձունում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ` բարձրացվում են տախտակամածները, բերվում են շինանյութերը, հետազոտվում է հինավուրց վանքի հիմքը, ընթանում է քարատեսակների ընտրությունը, որոնցով կփոխարինվեն վնասված և հողմնահարված քարերը: Որմերի վերականգնման ժամանակ կօգտագործվի ֆելզիտային տուֆը, իսկ վեղարի և լանջերի ծածկասալերի համար` կարմրավուն անդեզիտաբազալտը: Այս մասին տեղեկացնում են «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամից:

Առավել պատասխանատու աշխատանքները կկատարեն «ԼևԳուկի» փորձառու վերականգնողները, իսկ որպես քարտաշներ և բանվորական ուժ կներգրավվեն Օձունի և տարածաշրջանի գյուղերի բնակիչները: Խորհրդատվության համար կապալառու ընկերությունը կհրավիրի իտալացի ճարտարապետների և ճարտարագետների:

«Մինչև տարեվերջ նախատեսում ենք վերականգնել երկկամար կոթող-հուշարձանը և անցնել եկեղեցու գմբեթին», – տեղեկացրեց  «ԼևԳուկ» ՓԲԸ  գործադիր տնօրեն Լևիկ Ղուկասյանը: Ըստ նրա, Բարեգործական հիմնադրամի հետ կնքված պայմանագրի համաձայն` նախատեսվում է վերականգնումն ավարտել 18 աշխատանքային ամիսների ընթացքում`տարեկան վեց ամիս, երբ շրջակա օդի ջերմաստիճանը կգերազանցի 8 աստիճանը: Լ.Ղուկասյանն ընդգծեց, որ Օձունի վանքի վերականգնումը կընթանա խստագույնս համապատասխան նախագծի,  որը արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի  և Հայ  Առաքելական Եկեղեցու հավանությանը, այնուհետև  հաստատվել  Մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության կողմից:

Կարդացեք նաև

Աշխատանքների հեղինակային հսկողությունն  իրականացնում է  «Սերվետ» ՍՊԸ-ն` նախագծի հեղինակ, ճարտարապետ Միշա Հակոբյանի գլխավորությամբ, իսկ տեխնիկական վերահսկողությունը` «Շինսերտիֆիկատ» ընկերությունը:

Հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկի` Օձունի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնումը պետության, Հայ  Առաքելական Եկեղեցու և մասնավոր ձեռներեցության համագործակցության առաջին նախադեպն է:

«ԼևԳուկ» ՓԲԸ 1999 թվականից իրականացրել է Մարմաշենի Կաթողիկե, Աշտարակի Կարմրավոր, Օշականի 40 Մանկանց Սուրբ Սիոն, Ուշիի Սուրբ Սարգիս, Կոշի Սուրբ Ստեփանոս, Ոսկեվազի Սուրբ Հովհաննես, Նորատուսի Սուրբ Աստվածածին եկեղեցիների վերականգնման աշխատանքները:

Տեսանյութեր

Լրահոս