Կինոյի շնորհիվ հռչակավոր դարձած՝ աշխարհի ռեստորանները. «Ցիկադա» (լուսանկարներ)
Հանրահայտ Forbes հանդեսը հատուկ հոդվածների շարք է ներկայացրել, որտեղ ցուցադրվում են կինեմատոգրաֆի հետ առնչությունների արդյունքում համաշխարհային հռչակ ստացած 8 ռեստորաններ ու բարեր: «Ցիկադա» հետաքրքրական անունը կրող ռեստորանում են նկարահանվել այնպիսի հանրահայտ ֆիլմերի դրվագներ, ինչպիսիք են՝ «Սիրունիկը», «Բրյուս ամենակարողը», «Միստր և միսիս Սմիթները»:
«Ցիկադա» շքեղաշուք ռեստորանը նրբագեղության մարմնացում է, որտեղ մինչ օրս ջինսերով մուտքն արգելված է: Ռեստորանի Oviatt Building կոչվող շենքը 1928 թ.-ին կառուցեցին լոսանջելեսյան գալանտերեայի արքաները, որպեսզի այնտեղ տեղակայեն իրենց ընկերության կենտրոնական ներկայացուցչությունը: Շինարարության ամենասկզբում ռեստորանի սեփականատերերից մեկը (որի անունն էլ այժմ կրում է շենքը) Փարիզում ներկա եղավ դեկորատիվ և արդյունաբերական արվեստի համաշխարհային ցուցահանդեսում, որտեղ լավ զննեց նոր-նոր ձևավորվող ar deco-ի ոճը: Այդ այցի շնորհիվ շենքն այսօր ներառված է ամերիկյան ազգային պատմական վայրերի ցանկում: Այդ շենքի ինտերիերը Ռենե Լալիկի մտահղացումն է: Այս ողջ գեղեցկությունը՝ լալիկյան ապակե կառուցվածքները, գրեթե black tie ոճով հագնված այցելուները և 1920-ականների, 30-ականների, 40-ականների երաժշտության տակ կատարվող պարերը նպաստեցին, որ կինոյում ևս ռեստորանը ներկայանար՝ որպես այցելության մի առանձնահատուկ վայր: