Հ/կ-ները բաց նամակով դիմել են Սերժ Սարգսյանին՝ խնդրելով կասեցնել «ԲԱՄՕ Մետալ»-ին տրված արտոնագիրը

Այսօր ամենահրատապ հարցերից մեկը Կապանում վերաբերում է «ԲԱՄՕ Մետալ» ընկերության գործունեությանը, որը ոսկու որոնումներով է զբաղված Կապանի ջրառի տարածքում:

Հիշեցնենք, որ այդ աշխատանքների հետևանքով փոխվել է Կապանի խմելու ջրի որակը:

168.am-ի թղթակիցը Կապանի «Կայուն զարգացում» հ/կ-ի նախագահ Արմեն Փարսադանյանից հետաքրքրվել է՝  ի՞նչ քայլեր են ձեռնարկել այս խնդիրը լուծելու ուղղությամբ: «Տեղական հ/կ-ներով փորձել ենք գնալ-ուսումնասիրել այդ տեղանքը, որը ծովի մակարդակից գտնվում է մոտ 3000մ բարձրության վրա: Այն գտնվում է Նոր Աստղաբերդ համայնքի վարչական տարածքում, սակայն մենք չկարողացանք բարձրանալ այդտեղ, քանի որ այդ տարածքում գտնվում էր զորամաս, որը մեզ չթույլատրեց բարձրանալ: Այդ հանքավայրը գտնվում է սահմանային գոտում, և հենակետային զորամասից մեզ ասացին, որ չեն կարող ապահովել մեր անվտանգությունը»:

168.am-ի հարցին էլ, թե՝ այդ դեպքում ինչպե՞ս են թույլատրել ոսկի որոնել այդտեղ, Արմեն Փարսադանյանը պատասխանել է. «Չեմ կարող ասել, թե ինչո՞ւ. մի՞գուցե փողերի հերթական լվացումն է կատարվում, մի՞գուցե, իսկապես, ուզում են հանք բացել: Այդտեղ օդը շատ նոսր է, և բավական դժվար կլինի աշխատել: Հանքավայրն անմիջապես գտնվում է Կապանի ջրի մատակարարման ակունքներում, և հողի բնական շերտը ոչնչացնելով, հորատումներ կատարելով՝ երաշխիքներ չկան, որ ջրի որակը չի փոխվի: Տեղական հ/կ-ներով բաց նամակով դիմել ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ խնդրելով կասեցնել այդ ընկերությանը տրված արտոնագիրը»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ «ԲԱՄՕ Մետալ» ընկերությունը պատկանում է Երևանի մարզահամերգային համալիրի սեփականատեր Մուրադ Մուրադյանին (նկարում):

Տեսանյութեր

Լրահոս