Գրետան հավատում է, որ կգտնվեն բարի մարդիկ, և նա չի կորցնի աչքերի լույսը…(տեսանյութ)

Գրետա Խաչատրյանն ապրում է հարսի` Մարինայի և թոռան` Գոռի հետ: Գրետայի որդին Ռուսաստան է մեկնել Գոռի ծնվելուց առաջ և, հավանաբար, ջանք չի խնայել ավերված Կիրովականի մռայլ տնակում ապրած մղձավանջը մոռանալու համար: Մինչ օրս նա չի տեսել իր զավակին և գոնե հեռվից Գրետան, Մարինան և փոքրիկ Գոռն աննշան օգնություն չեն տեսել նրանից, շարունակում են միասին ապրել իրենց խարխուլ տնակում` ապավինելով «Փարոսի» չնչին նպաստին: Ամեն ինչ գլխիվայր շրջվեց այն օրը, երբ մի տնակի տանիքը փլվեց նրանց գլխին, և ծեփերն ու անձրևաջուրը թափվեցին քնած Գոռի վրա…

Երեխան վախից կորցրեց իրեն, ցնցումներ սկսվեցին, և փոքրիկը կապտեց մոր և տատի աչքի առաջ: Ուշ գիշերին տեղ հասած «Շտապօգնությունը» ոչնչով չկարողացավ օգնել, և սկսվեցին տանջալի և անվերջանալի այցերը բժիշկներին: Երկար ժամանակ ոչ ոք չէր կարողանում պարզել հիվանդության պատճառը: Պոլիկլինիկաների և հիվանդանոցների դռներն անպտուղ մաշելուց հետո` Գոռին քննեց ռազմական բժիշկ Խառատյանը, որը կասկած հայտնեց, որ երեխայի մոտ արյան հետ կապված հիվանդություն է և խորհուրդ տվեց անհապաղ մեկնել Երևանի արյան ինստիտուտ: Փող չկար: Գրետան իր անձնագիրը գրավ է թողնում տաքսու վարորդի մոտ` թոռանը մայրաքաղաքային հիվանդանոց հասցնելու համար: Երևանյան բժիշկները, տեսնելով երեխայի վիճակը, ամեն ինչ անում են նրա կյանքը փրկելու համար: Գրետան երախտագիտությամբ է հիշում բժշկուհի Անահիտ Զաքարյանին, որը նրան անկեղծորեն ասել է. «Մենք ձեզանից փող չենք վերցնի, բայց դուք ստիպված եք լինելու Գոռի կյանքի համար պայքարել մոտավորապես մեկուկես տարի… Ձեզ միջոցներ են պետք դեղորայք գնելու համար:» «Ես պատրաստ էի ողորմություն խնդրել, որ փրկեմ թոռանս: Բայց բժիշկները հուշեցին ինձ` որ հիմնադրամներին դիմել դեղորայքի համար միջոցներ գտնելու համար: Ռուսական եկեղեցին էլ օգնեց: Գրեթե ամեն օր համաքաղաքացիներս այցելում էին ինձ: Մինչ օրս հայր Արսենին և մայր Սուսաննան մեզ մենակ չեն թողնում»,- պատմում է Գրետան: Գրեթե երկու տարի բժիշկները պայքարում էին Գոռի կյանքի համար: Այդ ծանրագույն փորձությունը, ապրումները խաթարեցին նաև Գրետայի առողջությունը: Նրան սպառնում է տեսողության կորուստը: Բժիշկների ախտորոշումը սա է` կատարախտ, որի կանխման համար վիրահատություն է անհրաժեշտ, որն արժե 200 հազար դրամ: Բարի մարդկանց օգնությամբ Գրետան ամեն ամիս մոտ 40 հազար դրամ է ծախսում Գոռի դեղորայքի համար և ի վիճակի չէ վճարել այդքան թանկ վիրահատության համար: «Փարոս»-ում ինչ-որ անհասկանալի միավորների սանդղակ կա, որով որոշվում է`հիվանդին կարելի է պետպատվերով բուժել, թե ոչ: Գրետային, ըստ այդ սանդղակի, 0,28 միավոր չի բավարարում: Ինքս ոչինչ չեմ հասկանում այդ տարօրինակ հաշվարկներից և չեմ կարող ընթերցողին բացատրել դրա տրամաբանությունը… Իսկ ահա Գրետան հավատում է, որ կգտնվեն բարի մարդիկ, և նա չի կորցնի աչքերի լույսը… Որպեսզի Գոռին ոտքի կանգնեցնի:

Տեքստը և լուսանկարները`

ԳԵՐՄԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս