Բաժիններ՝

Վիեննայում լսել են «Ախթամարի» մասին

«Ծխելը վնասակար է առողջությանը» գրառումը նշված է Հայաստանի տարածքում վաճառվող բոլոր ծխախոտների վրա: Վիեննայում վաճառվող ծխախոտների տուփերի վրա, սակայն, ավելի մեղմ գրառում է՝ «Ծուխը կարող է մահացու լինել» (rauche kann tödlich sein): Այս գրառումով ծխախոտարտադրող ընկերությունները փորձում են շատ չվախեցնել իրենց հավատարիմ սպառողներին, որոնք Ավստրիայում մեծ քանակություն են կազմում: Վիեննան շատ գեղեցիկ և ջերմ քաղաք է, այստեղ շատ հաճելի և բարեհամբույր մարդիկ են ապրում, որոնք, ի դեպ, շատ են սիրում ծխել: Ամենուր քայլող կանայք են, հեծանվորդներ, ովքեր ծխում են: Ավստրիացիները ծխում են ամենուր՝ փողոցում, մետրոյում, կանգառներում: Քաղաքում նույնիսկ հատուկ ծխողների համար հարմարավետ, մեծ մոխրամանի տեսքով աղբամաններ են տեղադրված:

Ըստ Վիեննայի վիճակագրական ծառայության այս տարվա առաջին կիսամյակի ցուցանիշերի` ազգաբնակչության մոտ 78%-ը ծխում է: Մնացած 22%-ը երեխաներն են և ծերերը: Ողջ Ավստրիայի տարածքում մեկ տուփ սովորական, միջին որակի ծխախոտն արժե 4-4,5 եվրո: Ավստրիա ծխախոտի ներկրման հարկերը բարձր են: Վիեննայի իշխանություններն այդ քայլով փորձում են կանխել և արգելել ծխախոտի մեծ քանակությամբ մուտքը երկրի տարածք: Դա, սակայն, միևնույն է, չի խանգարում ավստրիացիներին շատ ծխել: Ի՞նչն է, սակայն, ուշագրավ՝ նույնիսկ Վիեննայի երթուղայինների ուղևորատոմսերը վաճառվում են Tabak-Trafik կրպակներում, և դա ակամայից խթանում է ծխախոտի արագ սպառմանը: Ընդ որում, Tabak-Trafik կրպակներում ծխախոտն ավելի թանկ է վաճառվում և շատ հաճախ քաղաքացիները ծխախոտ են ձեռք բերում հենց ավտոմատ սարքերի միջոցով: Օրինակ, ամենաէժան ծխախոտը, որի տուփը 20 ծխախոտի փոխարեն՝ 18 ծխախոտ է պարունակում, վաճառվում է 3 եվրո արժեքով: Եվ դա ամենավատորակ ծխախոտն է: Սակայն այնպիսի ծխախոտը, ինչպիսին է Camel-ը կամ Marlboro-ն է, արժե 5 եվրո և ավելի թանկ: Եթե, օրինակ, Հայաստանում կանայք նախընտրում են ավելի գեղեցիկ դիզայնով արված տուփերով ծխախոտները, ապա Վիեննայի կանանց չի հետաքրքրում ծխախոտի տուփի արտաքինը, կարևորն այն է, թե որքան պինդ-թունդ է այն: Վիեննայում վաճառվող հիմնական ծխախոտի քանակությունը ներկրվում է, սակայն Հայաստանը, լինելով ծխախոտարտադրող ընկերություն, այդքան մեծ քանակություն չի կարողանում ներկրել այս երկիր, քանզի ներկրման հարկերը բարձր են: Մրցակցության մեջ են հիմնականում «LM», «Մարլբորո» և «Քամել» ընկերությունների ծխախոտները, որոնց արտադրանքը բավական արագ է սպառվում:

Ավստրիացիները թեև շատ են սիրում ծխել, սակայն, որպես կանոն, գրասենյակային տարածքներում, ինչպես նաև՝ խանութներում, ծխելը խստիվ արգելվում է: Լյուսին, ով աշխատում է խանութում, 168.am-ի հետ զրույցում պատմեց. «Երբ աշխատանքի էի ընդունվում` ապագա ղեկավարիս ասել էի, որ օրական մի քանի անգամ պետք է դուրս գամ ծխելու: Ես ծխում եմ 15 տարեկանից: Ի սկզբանե ձևական էի ծխում, հետո հասկացա, որ արդեն առանց ծխախոտի չեմ կարողանում: Անգամ աշխատում էի՝ իմ ծխախոտի գումարն ունենալու համար»:

Կարդացեք նաև

Այն հարցին թե շաբաթական քանի՞ եվրո է նախատեսում ծխախոտի համար, Լյուսին պատասխանեց. «Անկեղծ ասած, չեմ հաշվում, բայց օրվա ընթացում երկու անգամ մեկ տուփ սովորական ծխախոտ եմ գնում: Նայած, թե ի՞նչ եմ ծխում: Չնայած, չեմ էլ նայում՝ ի՞նչ եմ ծխում: Երբ` ոնց պատահի»: Երբ Լյուսին տեղեկացավ, որ Հայաստանից եմ, հիշեց, որ իր ընկերներից մեկը Հայաստանից իր համար ծխախոտ էր բերել, որի վրա գրված էր՝ «Ախթամար», ու ինքը շատ էր հավանել. «Բավական թունդ համ ունի: Ինչպես սիգար ծխելուց լինես: Շատ եմ հավանել»,- ասաց նա: Ինչպես իրենք` ավստրիացիներն են ասում՝ ծխելը հետաքրքիր է դարձնում կյանքը: Արսենը, ով նույնպես ծխում է 14 տարեկանից, ի տարբերություն ավստրիացիների, բացառապես որակյալ ծխախոտ է գնում, ընդ որում, նա սիրում է միայն հայկական արտադրության ծխախոտները. «Անհամբեր սպասում ենք, որ Հայաստանից մարդ գա, ասենք` հետը ծխախոտ բերի: Եթե անկեղծ լինեմ՝ ստեղինը թափելու բան ա: Անիմաստ փող ենք տալիս, իսկ հայկական ծխախոտը լավն ա:» Այն հարցին, թե որքա՞ն է ծխում, Արսենը պատասխանեց. «Շատ չեմ ծխում, բայց մի տուփը հազիվ մի օր ա հերիքում»: Ավստրիայում բողոքի որևէ ցույց՝ ի պաշտպանություն առողջ ապրելակերպի, չի կազմակերպվում: Մարդիկ մարզվում են մարզասրահներում և, միևնույն ժամանակ, անսահման գումարներ վատնում ծխախոտ գնելու վրա:

Վիեննա-Երևան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս