«Շոու-բիզնեսում «վիրուսներ» են հայտնվել»

Ասում է երգչուհի Հասմիկ Կարապետյանը

Ինչո՞ւ է երգչուհի Հասմիկ Կարապետյանի անունը վերջերս քիչ լսվում: Նա ունի իր երկրպագուները, ովքեր սպասում են իր նոր տեսահոլովակներին: «Ինչո՞ւ վերջերս շատ չեմ երևում… Յուրաքանչյուր ստեղծագործող ունի իր կյանքի փուլերը` ակտիվ և պասիվ, ինձ մոտ սկիզբը շատ բուռն էր, նախկինում իմ երկրպագուները մեկ տարվա մեջ կարող էին ունկնդրել մի քանի նոր երգ, և տարվա կտրվածքով` 3 տեսահոլովակ դիտել, այդ ժամանակ ստեղծագործական մի փուլում էի, երբ շատ ավելի մեծ հաճույքով և եռանդով էի ստեղծագործում: Ժամանակին կային 10-15 երգիչ-երգչուհիներ, որոնք անցնելով որոշակի դպրոց` իրենց անունը վաստակում էին մեծ աշխատանքների շնորհիվ և իրենց տեղն ունեին երգարվեստում, և այն ժամանակ երգարվեստի մթնոլորտն առողջ էր, այսինքն՝ ամեն մարդ զբաղվում էր իր գործով, մատուցում էր իր երաժշտությունը, իր արվեստը և ամեն մարդ ուներ իր լսարանը, մեկը մյուսին չէր խանգարում, և երգարվեստի դաշտում չկային, այսպես ասած` «վիրուսներ», և որոնց ես «պառազիտներ» եմ անվանում, ովքեր կամաց-կամաց քանդում են ցանկացած առողջ մթնոլորտ: Վերջին տարիների իմ պասիվությունը պայմանավորված է այդ նոր «վիրուսների» հայտնվելով, ովքեր իրենցից ոչինչ չներկայացնելով` փորձում են մտնել երգարվեստի դաշտ և փորձում են ոտք մեկնել այն մարդկանց հետ, ովքեր տարիների փորձ ունեն բեմում: Դժբախտաբար, այսօր թացն ու չորը խառնվել է իրար, մարդիկ էլ արդեն չեն կարողանում իրենց համար զատել լավ երաժշտությունը՝ անորակից: Իրավունք չունեմ քննադատելու որևէ մեկին, բայց չեմ կարողանում ընդունել այն մարդկանց, այն «երգիչ-երգչուհիներին», ովքեր միայն ֆինանսներ ունեն և չունեն ո՛չ ձայն, ո՛չ տաղանդ, ո՛չ բնություն… Մարդը կարող է լինել անտաղանդ, քանի որ տաղանդն ամեն մեկին չի տրվում, սակայն կարող է ունենալ շնորհ: Չգիտես ինչո՞ւ` այս դարում բոլորն ուզում են դառնալ երգիչ կամ երգչուհի, և չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր մուտք են գործում երգարվեստ՝ զուտ ճանաչում ձեռք բերելու համար: Շոու-բիզնեսը Հայաստանում թերի է, այս ամենն ազդում է ինձ վրա»,- ասաց Հասմիկը 168.am-ի հետ զրույցում:

Հասմիկ Կարապետյանն իր կամքով է դուրս եկել «Արմենիայից»

Հասմիկ Կարապետյանն, արդեն քանի տարի է, հանդես է գալիս նաև տարբեր հեռուստահաղորդաշարերում՝ որպես հաղորդավարուհի: Ինչպիսի՞ պլաններ ունի Հասմիկն այս ոլորտում իր գործունեությունը շարունակելու համար: «Տարիներ առաջ, մինչ Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելս ՝ 1997-98 թվականներին, երբ ես դեռ չէի աշխատում «Արմենիա» հեռուստաընկերությունում, շատերն ինձ չէին ճանաչում, որպես հաղորդավարուհի՝ ես ունեցել եմ փորձ և երգչուհիներից առաջինն եմ, որ վարել եմ «Սոլի բանալի» երաժշտական նախագիծը: Այն հեռարձակվում էր Հ2 հեռուստաալիքով: Իմ և Հրաչ Քեշիշյանի ծրագիրն էր, հեղինակն էլ հենց Հրաչ Քեշիշյանն էր: Հաղորդավարական փորձս շարունակվեց արդեն ԱՄՆ-ում, որտեղ վարում էի հայկական տեսահոլովակների հիթ-շքերթը, ներկայացնում էի այնտեղ բնակվող հայ երգիչ-երգչուհիների տեսահոլովակները: Վերադառնալով Հայաստան` առաջարկ եղավ «Արմենիա» հեռուստատեսության կողմից` աշխատելու «Հեռուստախոհանոց» ծրագրում՝ Հովհաննես Ազոյանի հետ համատեղ: Այդ ժամանակահատվածը շատ հաճելի փուլ էր իմ կյանքում, թեև այդքան էլ հեշտ չէր ամեն օր ուղիղ եթերում աշխատելը «Հեռուստախոհանոց» և «Բարի լույս հայեր» ծրագրերում: Շնորհակալ եմ «Արմենիային»՝ ինձ նման հնարավորություն ընձեռելու համար»,- ասում է նա:

Կարդացեք նաև

Հասմիկ Կարապետյանը երբևէ չի մտածել, թե կգա օրը, երբ ինքը կհասկանա, որ հաղորդավարի աշխատանքը խանգարում է իր ստեղծագործական աշխատանքին: Իր կամքով այս տարվա հունվարից նա դուրս է եկել «Արմենիայից»` «Բարի լույս» ծրագրից, որպեսզի էլ ավելի շատ ժամանակ տրամադրի իր ստեղծագործական կարիերային: Հասմիկն անկեղծորեն նշում է, որ հաղորդավարի աշխատանքով զբաղվում էր զուտ գումար աշխատելու նպատակով: Նա նշեց, որ այսօր շատ քչերն են կարողանում երգարվեստում վաստակել բավականաչափ գումար, ինչը պայմանավորված է տվյալ երգչի կամ երգչուհու երաժշտական ոճով: Կոմերցիոն երաժշտությունը ռեստորանային է: Եվ եթե ինքն ավելի ռեստորանային երաժշտություն կատարեր, ապա շատ ավելի գումար կվաստակեր:

Երգչուհին տեսահոլովակ էր ներկայացնել  իր երկրպագուներին` «Սիրուն, ասա բարև» փոփ-ռոք ոճով: Նա առաջին անգամ համագործակցել է «Դորիանս» խմբի ստեղնահար Արման Փահլևանյանի հետ, ով գրել է երգը, իսկ խոսքերի հեղինակն է Ավետ Բարսեղյանը, տեսահոլովակի ռեժիսորը` Էդգար Վարդանյանը: Հունիսից երգչուհին սկսել է համագործակցել Դեր Հովայի հետ: Ըստ Հասմիկի` համագործակցությունը շատ հետաքրքիր է, առաջարկը եղել է Դեր Հովայի կողմից: Վերջինս ճանաչված է շոու-բիզնեսի աշխարհում՝ որպես գործիքավորող, բազմաթիվ երգերի, հիթերի հեղինակ: Սիրուշոյի «Քելլե-քելլեն» և բազմաթիվ երգեր, որոնք հիթեր են դարձել` Դեր Հովայինն են: Իսկ նոր տեսահոլովակում Դեր Հովան հանդես է եկել որպես երգիչ: Երգի հեղինակը հենց ինքը՝ Հասմիկ Կարապետյանն է, իսկ գործիքավորումն արել է Դեր Հովան, ով նաև երգի երաժշտական պրոդյուսերն է: Երգը կոչվում է «Անհնարը»: Այն, ըստ Հասմիկի` շատ խորիմաստ երգ է, ոճային առումով դապ-ստեպ եվրոպական ոճի մեջ է: Այդ ոճը լայն տարածում ունի Եվրոպայում, իր տեսակով շատ թարմ է: Երգչուհին նշեց, որ երգի ստեղծման վրա շատ մանրամասն են աշխատել, և քանի որ իր ոճի մեջ նոր էր և տարբեր, որոշել են տեսահոլովակի նկարահանումների համար դիմել ռեժիսոր Սերժ Գաբյանին: Տեսահոլովակը նկարահանվել է հունիսին: Այն մոնտաժման փուլում է և մոտենում է ավարտին: Տեսահոլովակի օպերատորն է Սուրեն Թադևոսյանը: Երգչուհու բնորոշմամբ` երգը և տեսհոլովակը շատերին կհուզի, քանի որ շատ ներդաշնակ են:

Զրույցի ընթացքում տպավորություն էր ստեղծվել, որ Հասմիկն իր տեսակով ռոմանտիկ մարդ է: Հարցրեցինք նրան այդ մասին: «Այո, ի՞նչ մեղքս թաքցնեմ… ռոմանտիկությունն ամեն մեկին չի տրվում, ռոմանտիզմ ունեն ընտրյալ մարդիկ, թող անհամեստություն չթվա, բայց ես ինձ ինչ-որ չափով ընտրյալ եմ համարում և ես չեմ ասում՝ Աստծո ընտրյալ, ես ասում եմ՝ այս կյանքում ընտրյալ, նման մարդիկ չեն չարանում կյանքից, և նրանք մարդկանց կարողանում են սփոփել և իրենց ընկերների շրջապատում հանդիսանում են լույս՝ պայծառ մի երևույթ, պայծառ մի էակ, որին անընդհատ ուզում են տեսնել շրջապատում: Իմ տարիների ընթացքում դա հասկացել եմ և ձեռք եմ բերել լավ ընկերներ, վայելել եմ իրենց սերը: Նրանք ինձ համարում են իրենց ուրախությունը»,- ասում է Հասմիկը:

Երգչուհին թեև չհերքեց , որ շատ ռոմանտիկ է, բայցև նշեց, որ անընդմեջ ռոմանտիկայով ապրելն էլ սխալ է: Ըստ երգչուհու` դա երբեմն կարող է կործանիչ լինել շատ հարցերում, և պետք է կարողանալ սթափ լինել, հողին ամուր կանգնած լինել, որպեսզի կարողանաս տեսնել մարդկանց իրական դեմքը և ոչ թե՝ այն, ինչ դու ցանկանում ես տեսնել:

Հասմիկ Կարապետյանը ամռան այս շոգ օրերին չի հասցրել հանգստանալ: «Այս ամառը շատ աշխատանքային էր ինձ մոտ, հունիս-հուլիս ամիսներին տարված էինք տեսահոլովակի պատրաստմամբ, սակայն օգոստոսին 16-ին աշխատանքային այց է լինելու Տուապսե քաղաք, որտեղ կհամատեղեմ հանգիստը և աշխատանքը: Տուապսեում, արդեն երկրորդ տարին, անց է կացվում «Ոսկե Ծիրան» երգի փառատոնը, և ես, Շուշան Պետրոսյանը, Արսեն Գրիգորյանը (Մրոն), հնարավոր է` այլ երգիչներ էլ միանան մեզ, մասնակցելու ենք փառատոնին: Այնտեղի երեխաների հետ Վարպետության դասեր ենք անցկացնելու»:

Հասմիկը սիրում է լինել բնության գրկում` հեռու քաղաքից: Նա ցավով նշում է. «Քաղաքի օդը շատ աղտոտ է: Սիրում եմ իմ քաղաքը, բայց մարդիկ փոխվել են: Ժպտում ես, սակայն նրանք չեն կարողանում քեզ ժպտալ, ինչ-որ մի բան եմ զգում, որը բացասական է, այդ իսկ պատճառով ինձ ավելի լավ եմ զգում բնության գրկում»:

 

Տեսանյութեր

Լրահոս