Հանգիստ թողեք Գագիկ Ծառուկյանին և Օգսեն Միրզոյանին
Ծանրորդ Առաքել Միրզոյանը, ով Լոնդոնի Օլիմպիական խաղերում 0 էր ստացել, facebook-ի իր էջում` պատասխանելով օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի՝ իր պարտության վերաբերյալ հնչեցրած գնահատականներին, հետևյալ գրառումն է կատարել.
«Ինձ համար Յուրիկ Վարդանյանի կարծիքը կարևոր չէ։ Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին՝ ասեմ, որ նա այն մարդն է, ով կանգնած է հայ ազգի և սպորտի կողքին, և նա մինչ այսօր սխալ որոշում չի կայացրել։ Նրա բոլոր որոշումները տեղին են եղել և դրական։ Իսկ կասե՞ք, թե ո՞ւր էր Յուրիկ Վարդանյանը, երբ Գագիկ Ծառուկյանն օգնում էր սպորտին և կանգնած էր մեր բոլորի կողքին։ Կասե՞ք։ Ծառուկյանին և Օգսեն Միրզոյանին թող հանգիստ թողնեն։ Ամոթ է։ Քննադատելը հեշտ է»:
Հիշեցնենք, որ NEWS.am Sport-ին տված հարցազրույցում Յուրի Վարդանյանն՝ խոսելով Առաքել Միրզոյանի ձախողման պատճառների մասին, ասել էր. «Ձախողման առաջին սխալը գալիս է նրանից, որ ի տարբերություն մյուս օլիմպիական ծանրորդների, Առաքել Միրզոյանն անհատապես պատրաստվեց Օլիմպիական խաղերին` իրենց գյուղի ավտոտնակում: Իհարկե, առանձին մարզվելը նախնական համաձայնեցված էր Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի հետ: Սա իհարկե իրենց որոշելիքն է, Օգսեն Միրզոյանն էլ ճանապարհ անցած մարդ է. գուցե այդպես ճիշտ է համարել: Փաստն այն է, որ Հոկսեն Միրզոյանը խնդրել է ՀԱՕԿ նախագահին, որպեսզի թույլատրի հավաքականից առանձին նախապատրաստվեն: Ես անձամբ հավաքականից առանձին մարզվելը չեմ ընդունում: Բնական է, որ իրենց անձնական խնդիրն է, բայց… Ինչո՞ւ առանձին մարզվել… Ինչո՞ւ… Ես անհաջողության պատճառներից առաջին տեղում դնում եմ առանձին մարզվելու գործոնը: Հնարավոր չէ, որ մարզիկը հաջողության հասնի` մարզվելով թիմից անկախ, առանձին: Որովհետև հավաքականի հետ մարզումների ժամանակ առկա է մրցակցություն հասկացությունը, մարզիկը ոգևորություն է զգում, իր թիմակիցների հետ պայքարի մեջ է մտնում: Սա մեծ նշանակություն ունի: Մասնագետներն էլ կարող են ասել, որ ձախողման հիմնական պատճառը միայնակ պատրաստվելն էր»: