Եզդի մեծահարուստը օթևան կտրամադրի սիրիահային
Սիրիայում տիրող պատերազմական լարված իրավիճակն անհանգստացնում է նաև Հայաստանի եզդի ժողովրդի ներկայացուցիչներին: Սիրիահայերին օգնելու պատրաստակամություն են հայտնում ոչ միայն հայ երիտասարդները, այլև եզդիական հասարակական կազմակերպությունները: «Սինջար» հասարակական կազմակերպությունը, որը վերջին շրջանում հանդես է գալիս եզդի և հայ ժողովուրդների խնդիրների կարգավորման շուրջ հայտարարություններով, պատրաստակամություն է հայտնել օգնել Հայաստան ներգաղթած սիրիահայերին: «Սինջար» կազմակերպությունը, ինչպես իրենք են նշում՝ «իրենց սիրիահայ եղբայր-քույրերին աջակցելու» ծրագրեր են առաջարկում: «Սինջարի» կազմակերպիչները համոզված են, որ այսօր, ավելի քան երբևէ, պետք է համախմբվեն Հայաստանի բոլոր քաղաքացիները, որպեսզի սիրիահայ համայնքը դրսում չմնա, և գոնե օթևանելու վայր տրամադրվի նրանց: «Կարծում ենք, որ եթե Հայաստանում գործող 4000 կազմակերպություններից յուրաքանչյուրը մեկ ընտանիքի ապահովի «տանիքով»` խնդիրը կլուծվի մեկ օրում»,- ասվում է «Սինջարի» տարածած հայտարարության մեջ:
Կազմակերպությունն իր հայտարարության մեջ նաև նշել էր, որ իր ուժերի ներածին չափով պատրաստ է աջակցել: 168.am-ը զրուցեց «Սինջար» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Թամոյանի հետ: «Մենք մեծ ռեսուրսներ չունենք, բայց կապվեցինք մեր ազգությամբ եզդի մեծահարուստներից մեկի հետ, ով մեր՝ սիրիահայերին օգնելու խնդրանքը, չմերժեց: Մեզ հաջողվեց գալ համաձայնության: Մեր հայրենակիցը համաձայնվեց Երևան քաղաքում ունեցած իր բնակարաններից մեկը տրամադրել սիրիահայ մի ընտանիքի: Անգամ հնարավոր է, որ նրանց համար աշխատանք կարողանանք գտնել»,- ասաց Բորիս Թամոյանը: Նրա խոսքով` իրենց նպատակն է՝ հնարավորինս օգնել սիրիահայերին կացարան կամ աշխատանք գտնելու գործում: «Սիրիահայ գաղթականների հետ աշխատող անձանցից մեկին տեղեկացրել ենք բնակարանի և աշխատանքի առաջարկի մասին: Եթե որևէ ընտանիքի հարմար լինի` մենք նրանց կտեղավորենք»,- ասաց Բորիս Թամոյանը:
ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ շարունակվում է սիրիահայերի հետ հանդիպումների կազմակերպումը: Սիրիահայերին աշխատանքով ապահովելու առաջարկներ կան: ՀՀ սփյուռքի նախարարություն են դիմել մի շարք գործարարներ, ովքեր պատրաստ են աշխատատեղեր տրամադրել մեր հայրենակիցներին: Ըստ պաշտոնական էջի՝ նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ մոտակա 10 օրվա ընթացքում ուժի մեջ կմտնեն ՀՀ կառավարության կողմից սիրիահայերի պահանջներին համապատասխան ընդունված 2 կարևոր որոշումներ: Ըստ այդ որոշումների՝ ՀՀ քաղաքացիություն ստացած սիրիահայերն առաջին անգամ անձնագիր կարող են ստանալ Սիրիայում գործող դիվանագիտական ներկայացուցչություններում` ՀՀ դեսպանատանը` Դամասկոսում և ՀՀ գլխավոր հյուպատոսությունում` Հալեպում: Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ սիրիահայերը վիզա կարող են ստանալ ոչ միայն ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում, այլև ՀՀ սահմանի վրա: