«Հնարավոր է, որ մենք ավելի շատ պայքարենք ավագանու տեղերի համար»
«Ոչ, մենք ունեինք ակնհայտ թեկնածու` Մուրադ Գրիգորյանը, ով առաջադրվել էր նաև մեծամասնական ընտրատարածքում, սակայն, ցավոք սրտի, նա Գյումրիում հաշվառում չունի, իսկ այսօր օրենքը նման դեպքերում թույլ չի տալիս առաջադրվելու»,- այսօր 168.am-ի հետ զրույցում` ի պատասխան հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է տարածված այն տեղեկությունը, որ ՀԱԿ-ը Գյումրիի քաղաքապետի ընտրություններում հանդես կգա սեփական թեկնածուով, ասաց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող և ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Շատ հավանական է, որ մենք չենք ունենա մեր սեփական թեկնածուն, իսկ նման պայմաններում՝ ինչպես կվարվենք, դեռ վաղ է ասել, քանի որ դեռ պարզ չէ, թե այնտեղ ովքեր են առաջադրվել և ով ում է պաշտպանում: Ամեն դեպքում մենք հասկանում ենք, որ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները խախտումների, ընտրակաշառքի բաժանման առումներով ավելի խոցելի են, և բնական է, որ նման ընտրություններում մեծ նպատակներ սահմանել չի կարելի: Շատ հնարավոր է, որ մենք ավելի շատ պայքարենք ավագանու տեղերի համար»,- ասաց նա: