
Կրեմլում չեն հերքել, որ Սերժ Սարգսյանը կարող է առաջիկայում այցելել Մոսկվա

«Եթե ձեր նախագահը՝ Սերժ Սարգսյանը, որևէ երկիր այց է կատարում, այդ մասին տեղեկություն անպայման լինում է նրա պաշտոնական կայքում: Հետևեք պաշտոնական կայքին. հիմա դա կարող ենք ձեզ խորհուրդ տալ»,- 1.am-ին հայտնել են Կրեմլի մամլո ծառայությունից` համապատասխանո՞ւմ են իրականությանը տեղեկությունները, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավիերով այցելելու է Մոսկվա` հստակեցնելու հայաստանի դիրքորոշումը Եվրասիական միությանն անդամակցելու հարցում:
Հիշեցնենք, որ 168.am-ի դիվանագիտական աղբյուրների համաձայն, Պուտինին վրդովեցրել է այդ հարցում Հայաստանի խուսափողական կեցվածքը, և նա Սերժ Սարգսյանից Մոսկվայում վերջնական պատասխան է պահանջելու:
Իսկ ՀՀ նախագահի գրասենյակից չի հաջողվել ճշտել` նախատեսվա՞ծ է Սերժ Սարգսյանի այցը Մոսվկա: Սերժ Սարգսյանի գրասենյակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից խորհուրդ են տվել հարցն ուղղել մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանին, ով արձակուրդում է: Սակայն, ըստ 1-in.am-ի՝ Արզումանյանի քաղաքային հեռախոսահամարը չի պատասխանել, իսկ բջջային հեռախոսահամարն անհասանելի է: