Բաժիններ՝

Հովհաննես Հովսեփյանը էլիտար բնակարանները զիջել է Հարություն Փամբուկյանին

Գերակա հանրային շահ ճանաչված տարածքների իրացման Պապոյանական դրվագին անդրադառնալով՝ «Հետքը» «Խարդախության իրական զոհերը, կամ ինչպես են պաշտոնյաները համալրում իրենց ունեցվածքը» հրապարակմամբ տեղեկացրել էր, որ Արամի 72-80 հասցեի էլիտար նորակառույցում նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը իր և հարազատների անունով ձեռք է բերել ավելի քան 2 տասնյակ բնակարան:

Այսօր էլ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում կարելի է գտնել գնորդների (կնոջ, քենու, քրոջ, փեսայի, քրոջ սկեսուրի և այլն) բնակարաններին վերաբերող գործերը:

Սակայն պարզվում է, որ այս տարվա փետրվարի 29-ից հիշյալ շենքում Հովսեփյանական կողմն իր ունեցածի մեծ մասը իրավունքների փոխանցման՝ պահանջների զիջման (ցեսիայի) միջոցով հետ է վերադարձրել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանին, ումից դեռևս 2009թ փետրվար-մարտին Հովսեփյանի մոսկվայաբնակ եղբայրը ձեռք էր բերել  հիշյալ բնակարանները: Դեռևս անավարտ նորակառույցում Հովհաննես Հովսեփյանն այժմ անձամբ իր անունով ունի 1 առեւտրային տարածք և 2 բնակարան: Նույն շենքում Հովսեփյանը 2 բնակարան էլ ունի քրոջ՝ Ջեննի Հովսեփյանի և Ջուլիետա Ջոկլինյանի անունով: Դրանց նախնական պայմանագրերը կնքվել են 2006թ. օգոստոսին:

Զիջված բնակարաններից 7-ը գրանցվել է Հարություն Փամբուկյանի որդու՝ Էդգար Փամբուկյանի անունով: Իսկ մնացած 11 տները նախկին պատգամավորը ձևակերպել է ծանոթ-բարեկամների անուններով՝ Արման Ադջեմյան, Արթուր Հակոբյան և Կարեն Աբրահամյան: Հարություն Փամբուկյանը Արամի 72-80 հասցեի էլիտար շենքում ներդրել է 2 մլն դոլար:

Կարդացեք նաև

Հ. Գ. Նախորդ հոդվածում «Հետքը» նշել էր, որ Արամի 72-80 շենքում Հովսեփյանի բնակարանների ընդհանուր թիվը 24 է, սակայն պարզվում է, որ Վահագն Ատոմյանն իրականում վերջինիս հետ կապ չունի: Այսինքն՝ նախագահի վերահսկողական ծառայության պետը մինչև ցեսիան ուներ 23 բնակարան և 1 բիզնես տարածք:

hetq.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս