Ալումյանին խորհուրդ են տվել դատի տալ նախկին ղեկավարությանը
Նախկին ոստիկան, բազմազավակ ընտանիքի հայր Մխիթար Ալումյանն այսօր դադարեցրել է երկու օր առաջ հայտարարած հացադուլը: Այդ մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին տեղեկացրել է ինքը՝ Մ. Ալումյանը: Ըստ նրա՝ այս օրերի ընթացքում ոչինչ չի եղել, ոչ ոք իրեն չի ընդունել:
«Ասացին ոստիկանապետն արձակուրդի մեջ է, տեղակալներն էլ խոստացան, բայց չընդունեցին: Հանդիպեցի Կենտրոնի բաժնի պետ Մարտիրոսյանի հետ: Անկեղծ ասած՝ նրա խոսքերն ինձ վրա ազդեցին: Համաձայն եմ նրա հետ. որպես նախկին ոստիկան՝ պետք չէր նման քայլ անել: Ընդունում եմ իմ սխալը, բայց իրենք էլ թող ինձ հասկանան…»:
Մ. Ալումյանը նշել է, որ իրեն խորհուրդ են տվել պարզապես դատի տալ նախկին ղեկավարությանը՝ Պետական պահպանության գլխավոր վարչության պետ Խաչիկ Ասատրյանին:«Ասացին՝ եթե դատարանը պահանջի՝ մենք իրավունք չունենք չպատասխանելու՝ ծառայե՞լ ես, թե՞ ոչ: Եթե ապացուցվի, որ իսկապես ծառայել եմ, նախկին ղեկավարությունն իր գրպանից է վճարելու իմ հավելավճարները»: Մ. Ալումյանի խոսքով՝ վարչության նախկին պետն էլ, վաշտի հրամանատարն էլ հեռացվել են աշխատանքից դեռ 2011-ի նոյեմբերին:
«Երեկ նրանց կանչեցին ոստիկանություն, չգիտեմ ինչ են խոսել, բայց շփոթված գնացին ոստիկանությունից: Ինձ հետ էլ անգամ չխոսեցին»,- նշել է Մ. Ալումյանը: Նա նամակ է գրել ոստիկանապետին ու ներողություն խնդրել կատարվածի համար: Նաև խնդրել է, որ իր նկատմամաբ հետապնդում չլինի՝ ասելով՝ ինչ արել եմ, երեխայիս համար եմ արել: Մ. Ալումյանի խոսքով՝ ՀՀ նախագահի նստավայրից խոստացել են՝ մինչև ուրբաթ աշխատանքի հրամանը տալ:
Ի դեպ, ՀՀ ոստիկանությունից Մ. Ալումյանին նորից են առաջարկել 150.000 դրամ: Այս անգամ նա պատրաստվում է վերցնել գումարը: «Ասացին ոստիկանապետը ի սրտե է հատկացրել այդ գումարը»:
Հիշեցնենք, որ Մ. Ալումյանը ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Հրազդանի ՋԷԿ-ի առանձին վաշտի ոստիկան է եղել: Աշխատանքից ազատվել է 2011-ի հոկտեմբերին, երբ սկսել է բարձրաձայնել արտաժամյա ծառայության հավելավճարները չստանալու մասին և պահանջել իրեն հասանելիք 4,5 միլիոն դրամը: ՊԳԳՎ պետ Ռոման Մկրտումյանը պատվիրել էր Մխիթարին փոխանցել 5000 դոլար ու դրանով գործը փակված համարել: Նրան 2 միլիոն 570 հազար դրամ քիչ էին վճարել, միաժամանակ ասել, որ Մխիթարը ստացական գրի, որ այլևս ոչ մի պահանջ չունի: Մխիթար Ալումյանի խոսքով՝ ինքն այդ գումարը վերցրել է, սակայն «պարտք ու պահանջ չունենալու» վերաբերյալ դիմումը գրել է «վախի ու ճնշման» մթնոլորտում: