
Այս տարի խաղողը կմթերվի 300 դրամով

Armenia Wine գինու գործարանի սեփականատեր Վահագն Մկրտչյանի խոսքով` իրենք մի քանի նորամուծություններ են մտցրել, որ մնացած խմիչք արտադրողներին ստիպել է վարել նույն քաղաքականությունը: Ըստ Մկրտչյանի, Armenia Wine-նն է առաջինը սահմանել գյուղացուն «կշեռքի վրա գումար տալու» ավանդույթը: «Արենի գինու համար նախատեսած խաղողի ամենաբարձր գինը մենք ենք սահմանել և մթերել»,- ասաց սեփականատերը: Անցյալ տարվա տվյալներով` Արենի խաղողի 1 կգ-ն արժեր 220 դրամ: Armenia Wine-ը գյուղացուց խաղող է մթերել` 1 կգ-ի դիմաց վճարելով 231 դրամ: 168 am-ի այն հարցին, թե արդյո՞ք գործարանն այս տարի խաղողի մթերման գինը սահմանել է, Վահագն Մկրտչյանը պատասխանեց. «Այս տարի խաղողի մթերման գինը կարող է շատ բարձրանալ այն տնտեսությունների համար, որոնք կտրամադրեն մեր պահանջած բերքը: Այսինքն` ավելորդ խաղողը կթափեն, քաշը կքչանա, որակը կբարձրանա: Չեմ բացառում, որ 300-ի շեմն անցնի»: