«Միմինոն» չեն գրանցել
Ռուսաստանի արտոնագրային բյուրոն՝ «Ռոսպատենտը», մերժել է «Միմինո» ապրանքանիշի գրանցումը։ Հայտը ներկայացրել էր Ռուսաստանում էլիտար ալկոհոլային խմիչքների խոշոր ներմուծող «Ռուսիմպորտ» ընկերությունը։ Որպես հայտի մերժման պատճառ` նշվել է այն, որ ապրանքային նշանը նույնությամբ կրկնում է Գեորգի Դանելիայի համանուն ֆիլմի անվանումը։
«Ռուսիմպորտն» առայժմ չի տեղեկացրել, թե այդ ապրանքանիշի ներքո կոնկրետ ինչ ալկոհոլային խմիչք էր պատրաստվում իրացնել։ Միայն հայտնի է որ «Միմինոն» պետք է վաճառվեր Իսպանիայում։ Վրացական անվանում ընտրելը «Ռուսիմպորտը» հիմնավորել է նրանով, որ ցանկացել է Իսպանիայի հյուսիսում բնակվող բասկերի պատմությունը կապել կովկասյան ժողովուրդների պատմության հետ։
Ռուսաստանի արտոնագրային բյուրոն պարզաբանել է, որ եթե ապրանքային նշանի անվանումը համընկնում է արվեստի ստեղծագործության անվանման հետ, ապա անհրաժեշտ է ստանալ այդ ստեղծագործության հեղինակային իրավունքների տիրապետողի թույլտվությունը։ Սակայն «Ռուսիմպորտն» առարկում է` նշելով, որ «Միմինո» բառը ֆիլմի հեղինակները չեն հորինել. այն վրացական «բազե» բառն է։ Ընկերության ներկայացուցիչները նաև մատնանշում են, որ «Միմինո» ապրանքային նշանն արդեն գրանցված է Վրաստանում, Հայաստանում, Ուկրաինայում և Բելառուսում։
Նշենք, որ Հայաստանում «Միմինո» ապրանքային նշանը գրանցվել է բոլորովին վերջերս` 2011թ. Դեկտեմբերին` «Արզնի Գրուպ» ընկերության կողմից։ Ընկերությունն իրավունք է ստացել մինչև 2020թ. «Միմինո» ապրանքային նշանի տակ Հայաստանում արտադրել և վաճառել բանջարեղենային պահածոներ, հրուշակեղեն, խմորեղեն, սուրճ, ինչպես նաև` ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ։