Լրտեսության մեջ կասկածյալի դատը հետաձգվեց
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ժամը 15:00-ին դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ պետք է լսվեր Կարեն Մեհրաբյանի և այլոց գործը: Հիշեցնենք, որ Կարեն Մեհրաբյանի և հինգ այլ քաղաքացիների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել: Մեհրաբյանը մեղադրվում է այն բանում, որ նա 2011թ. սկզբներին, գտնվելով Թուրքիայում, ընկել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտ և այդ ծառայությունների աշխատակցի կողմից ստացել առաջարկ` համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել իրենց հետ: Հավաքագրվելով հետախուզական ծառայությունների աշխատակիցն հանդիսացող Տիգրան և Վարդան անուններով անձնավորությունների կողմից, Կարեն Մեհրաբյանը ստացել է կոնկրետ գրավոր առաջադրանքներ` ԼՂՀ ՊԲ վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու ուղղությամբ, այդ թվում` ՊԲ անձնակազմի, զենքի, զինամթերքի և զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքերի և սարքավորումների վերաբերյալ: Վերադառնալով Հայաստան` Մեհրաբյանը ձեռնամուխ է եղել տեղեկություններ հավաքելու, փորձել է ծանոթություններ հաստատել իրավասու անձանց հետ և գործընթացին ներգրավել ՀՀ ՊՆ աշխատակիցների ու ԼՂՀ քաղաքացիների, և հավաքած տեղեկատվությունը 2011թ. հուլիսի 23-ին փորձել տանել Թուրքիա: Հայ-վրացական սահմանը հատելու պահին, սակայն, Մեհրաբյանը ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Նա մեղադրվում է լրտեսության ձևով պետական դավաճանության մեջ: Վերջինիս սպառնում է մոտ 10 տարվա ազատազրկում, և նա արդեն մի քանի ամիս գտնվում է կալանքի տակ: Այսօր պետք է տեղի ունենար հերթական դատական նիստը, սակայն ժամը 14:30-ին Վերաքննիչ քրեական դատարանի անցագրային բաժնից տեղեկացանք, որ դատական նիստը հետաձգված է, իսկ թե երբ է լինելու հաջորդ նիստը` հայտնի չէ:
168.am-ի թղթակիցը որոշեց նույն դատարանում ներկա գտնվել մեկ այլ նիստի, սակայն պատասխանեցին, որ այն ևս հետաձգված է: Քիչ անց պարզվեց, որ ժամը 14:00-ի և 15:00-ի նիստերը չեն կայացել ու հետաձգվել են: Դատավոր Գագիկ Ավետիսյանի օգնականից տեղեկացանք, որ մահացել է դատավոր Արղամանյանի մայրը, որի պատճառով հետաձգվել են բոլոր դատական նիստերը: